Կրեմլն Ադրբեջանից պահանջում է 20 միլիարդ դոլար և Կասպիցը. Yeni Müsavat

Ադրբեջանական Yeni Müsavat թերթը, վկայակոչելով իր հուսալի աղբյուրը, հայտնում է, որ Ռուսաստանն Ադրբեջանից պահանջում է 20 միլիարդ դոլար և Կասպիցը. «Ռուսաստանը ներկայումս Ադրբեջանի վրա ճնշում է գործադրում երկու փուլով: Առաջին փուլում առաջադրանքը կայանում է ռեկետի միջոցով գումարների ստացման մեջ:

«Միլիարդատերերի միությունը», Դաղստանում ռուսական զորքերի կենտրոնացումը, էթնիկ պլանում ճնշումները և այլն չեն հանդիսանում միայն Ադրբեջանում իշխանության փոփոխման ձգտում: Ռուսաստանի տվյալ «անհնար պահանջների» կատարման հարցում կարելի է պայմանավորվել նաև ներկա իշխանությունների հետ:

Եթե չիրագործվի տվյալ պլանը, այդ ժամանակ էլ իշխանության կգան այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի կլինեն իրագործել տվյալ պլանը: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Պուտինն Ադրբեջանից պահանջում է 20 միլիարդ դոլար: Դրա դիմաց «Միլիարդատերեր միությունը» հանդես կգա գործող իշխանություններին աջակցելու հայտարարությամբ, իսկ ադրբեջանցի օլիգարխները կարտահայտվեն Ադրբեջանի իշխանություններին իրենց հավատարիմ լինելու մասին (2012 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստեղծվեց Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությունը, որին Ադրբեջանում անվանում են «Միլիարդատերերի միություն» – 168.am):

Իսկ Ռուսաստանն ի պատասխան դրա որոշակի ժամանակ կարող է մի կողմ քաշված մնալ Ղարաբաղում հնարավոր պատերազմի դեպքում: Դրանով իսկ Ռուսաստանը պայմաններ է ստեղծել, որպեսզի Ադրբեջանը տեղական (լոկալ) պատերազմի մոդելի կիրառման միջոցով վերադարձնի իր կորուսյալ տարածքները: Եվ միայն դրանից հետո կսկսվեն խաղաղության բանակցությունները՝ բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ:

Մեր աղբյուրը վստահեցնում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն արդեն իսկ համաձայնության են եկել տվյալ գումարի փոխանցման շուրջ: Նրա տեղեկություններով՝ անհրաժեշտ գումարը հավաքելու և առաքելու առաջադրանքը տրված է ԱԻՆ-ի ղեկավար Կ. Հեյդարովին, ով ջերմ հարաբերությունների մեջ է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ:

Ինչ վերաբերում է Կրեմլի երկրորդ պահանջին, ապա այն շատ ավելի մեծ է. Կասպիցի ադրբեջանական սեկտորի հանձնում: Այս պահանջների չկատարման դեպքում, ամեն ինչ չի վերջանա միայն նրանով, որ Իլհամ Ալիևը կարող է կորցնել իշխանությունը, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի անկախության կորստյան մասին:

Տվյալ հարցով Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև տարվող բանակցություններում միջնորդի դերում է հանդես գալիս Ադրբեջանի նախկին փոխվարչապետ, «Միլիարդատերերի միության» նախագահ Աբբաս Աբբասովը: Վերջինս նախորդ տարվա դեկտեմբերին ժամանել է Բաքու և Իլհամ Ալիևին է հանձնել Կրեմլի այդ պահանջները:

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ եթե Կասպից ծովի իր բաժնեմասը հանձնի Ռուսաստանին, ապա ժողովուրդը կարող է ոտքի կանգնել: Դրա համար էլ նա համաձայնել է ոչ պաշտոնապես Մոսկվային փոխանցել առաջիկա 5 տարվա ընթացքում Կասպիցում ստացած բոլոր եկամուտները: Դրանից հետո այդ հարցը կարող է վերանայվել:

Ի պատասխան Կրեմլի այդ պահանջների՝ Իլհամ Ալիևն օգնության է դիմել Թուրքիային, Եվրոպային ու ԱՄՆ-ին և անգամ ստացել է որոշակի երաշխիքներ: Ընդ որում, Թուրքիայի իշխանություններն իրենց ադրբեջանական գործընկերներին առաջարկել են մասնակիորեն համաձայնվել Մոսկվայի պահանջների հետ: Վերջին օրերին հաճախակիացել են արևմտյան բարձրաստիճան չինովնիկների ու քաղաքական գործիչների այցերը Բաքու, ինչը կապված է հենց դրա հետ»:

Նշվում է, որ Բաքվի քաղաքական կուլիսներում մինչ այս էլ շարունակ լուրեր էին շրջանառվում, որ Իլհամ Ալիևն ամեն ամիս Մոսկվա է ուղարկում 200 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս