Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչ հարցեր է քննարկել Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանի հետ

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են։ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս առումով մենք կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի կողմից»,- շեշտեց Միրզոյանը։

Հանդիպման ընթացքում Միրզոյանն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի մասին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ այս հարցում Հայաստանը կարևորում է գործընկերների, բարեկամների ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստան այցի ընթացքում նախանշվել են գալիք տարվա աշխատանքային ճանապարհներն ու կոնկրետ ծրագրերը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին, ներառյալ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և այլն։

«Վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և սկզբում 1, հետագայում՝ տարեկան 3 միլիարդ դոլարի հասցնելու պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև»,- նշեց Միրզոյանը։

Նա կարևոր ձեռքբերում համարեց «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման պայմանագրի ստորագրումը։ ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ համատեղ քայլերի արդյունքում շոշափելի առաջընթաց կարձանագրվի և ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի աշխատանքները։

Հանդիպման ժամանակ շեշտվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս