Նիկոլ Փաշինյանի կողմից «կարմիր ժապավեններ» կտրած գործարանների արտադրանքը տեսանելի չէ
Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե քանի հեռուստացույց է արտադրվել այն գործարանում, որի ժապավենը հինգ տարի առաջ կտրել է Նիկոլ Փաշինյանը։
Վահան Քերոբյանը պատասխանեց, որ չի կարող ասել, չի տիրապետում նման տեղեկատվության։
Ճշտող հարցին՝ այդ գործարանը կա՞, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ Հայաստանում գործում է 100 հազար ընկերություն, և պարզ է, որ բոլոր ընկերությունների աշխատանքի մասին տեղեկություններ չունի։
Հաջորդ հարցին, թե «Սեպուհ-1» հայկական արտադրության քանի՞ ավտոմեքենա է արտադրվել, նախարարը պատասխանեց՝ 8, ընդգծելով, որ մեքենա արտադրող գործարանն ամբողջ թափով չի աշխատում։
«Գործարանը փորձնական փուլն անցել է։ Հիմա ընկերության ներդրողները ներդրումների հաջորդ փուլում են ներգրավվում, որպեսզի արդեն կարողանան սերիական արտադրություն իրականացնեն»,- նշեց Վ. Քերոբյանը։
Հարցին՝ որքա՞ն գազի բալոն է արտադրվել գործարանում, որի կարմիր ժապավենը 2018 թվականին կրկին կտրել էր Նիկոլ Փաշինյանը, Վահան Քերոբյանը պատասխանեց՝ չգիտի։
«Ես կարող եմ խոսել 3300 ընկերության մասին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում օգտվել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման մասին ծրագրից, ձեռք են բերել 189 մլրդ դրամի սարքեր, սարքավորումներ, գործարաններ, որոնք աշխատում են։
Կարող եմ նաև ասել, որ այդ ընկերությունները 2023 թվականին անհամեմատ ավելի շատ հարկ են տվել, քան այն ներդրումը կամ սուբսիդիաները, որոնք մենք տրամադրել ենք իրենց։ Բնականաբար, մենք գնում ենք տարբեր գործարաններ, շփվում ենք տարբեր գործարարների հետ, ընդունում ենք առաջարկներ։ Այս ամենն անում ենք, որպեսզի քաջալերենք մեր գործարարներին՝ իրենց բիզնես նախաձեռնություններում։ Մեզանից որևէ մեկն այս գործարանների ո՛չ տերն է, ո՛չ էլ բիզնես կառավարիչը։ Եթե այդ գործարաններից որևէ մեկը ձախողում է, դա շատ նորմալ երևույթ է։
Հիմա ձեր հարցերի հետին միտքը հասկանում եմ, դուք երեք ընկերության անուն ասացիք, ես կարող եմ 3300 ընկերության անուն ասել, որոնք հաջող աշխատում են Հայաստանում, որոնք վերջին երեք տարում ընդունել ու օգտագործում են Էկոնոմիկայի նախարարության ծրագրերից ընդամենը մեկը»,- շեշտեց Վահան Քերոբյանը։