Ե՞րբ են կուսակցությունները հրապարակելու իրենց ցուցակները
Քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին պետք է մինչև մարտի 21-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն ԿԸՀ, սակայն այսօր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am հայտնեց, որ դեռևս որևէ կուսակցություն կամ դաշինք փաստաթղթեր չի ներկայացրել իրենց:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում որևէ ժամկետ չնշեց, թե երբ է ԲՀԿ-ն պատրաստվում իրենց ցուցակը հրապարակել և փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ:
168.am-ի հետ զրույցում նա նշեց միայն, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակը կազմվում է օպտիմալ և օբյեկտիվ տարբերակներով:
«Այնպես չի և երբեք էլ այնպես չի եղել, որ ինչ-որ մի ցանկությամբ կամ ինչ-որ սահմանափակ նկատառումներով ցուցակը կազմվի: Դա գործընթաց է: Կուսակցության տարածքային մասնագիտացված կառույցները ներկայացնում են մարդկանց, ովքեր տեղերում և համայնքներում վայելում են երևանցիների վստահությունը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
ԲՀԿ մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել հարցին, թե ԲՀԿ ցուցակը քանի հոգուց է բաղկացած լինելու:
«Լրատվական ծառայությունը չունի հրապարակելու ենթակա որևէ նյութ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Նա պնդեց, որ ցուցակը կազմելու որևէ դժվարություն չկա և կուսակցությունն էլ կտեղավորվի օրենքով սահմանված ժամկետի մեջ:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, որ իրենց ցուցակը` որպես այդպիսին, պատրաստ է, պարզապես, ըստ նրա՝ որոշ տեխնիկական խնդիրներ կան, որի պատճառով առայժմ չեն հրապարակում այն:
Նրա խոսքով՝ հնարավոր է` ցուցակում տեղաշարժերի խնդիր առաջանա: Արսեն Համբարձումյանը նաև նշեց, որ վերջնական ցուցակի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն:
Արսեն Համբարձումյանի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժի պարագայում ճիշտ կլինի ցուցակի հրապարակում ակնկալել միայն ԿԸՀ փոխանցելուց հետո, քանի որ որևէ մեկը հնարավոր փոփոխությունից երաշխավորված չէ:
Նա նշեց , որ ՀՅԴ-ն պաշտոնապես միայն հայտարարել է, որ իրենց ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Սակայն մամուլում հրապարակումներ եղան, համաձայն որոնց՝ ՀՅԴ ցուցակի երկրորդ տեղում լինելու է հենց ինքը՝ Արսեն Համբարձումյանը: Սակայն մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն:
Քանի որ ցուցակը որոշակի փոփոխությունների և ճշգրտումների կարիք ունի, Արսեն Համբարձումյանը չցանկացավ նաև նշել, թե քանի հոգուց բաղկացած ցուցակ կներկայացնի ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններին: