Հռոմի նոր պապին առաջինն ընդունելու է Արգենտինայի նախագահը
Իսպանական El Pais թերթի փոխանցմամբ՝ Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս I-ը որոշել է, որ իր ընտրվելուց հետո իրեն ընդունող առաջին նախագահը պետք է լինի Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները: Թերթն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Արգենտինայում ծնված Ֆրանցիսկոսը բազում տարիներ քննադատել է Ֆեռնանդես դե Կիրշներին:
Դեռ կարդինալ եղած ժամանակ Խորխե Մարիո Բերգոլիոն (Հռոմի պապ ընտրվելուց հետո ընդունել է Ֆրանցիսկոս անունը) Արգենտինայի նախագահին քննադատել է կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի, միասեռ ամուսնությունների թույլտվության, երկրի անվտանգության խնդիրների չլուծման և երկրում առկա աղքատության դեմ ակտիվ պայքար չծավալելու համար:
Արգենտինայի իշխանություններն իրենց հերթին շարունակ քննադատել են կարդինալին՝ նրան անվանելով ընդդիմության ստվերային առաջնորդ: