«Հարկավոր է սիրահարվել այն ամենին, ինչ անում ես, այլ ոչ թե ինքդ քեզ սիրահարվել»
Բացառիկ հարցազրույց Էդուարդո Էռնեկյանի հետ
Անձրևոտ շաբաթ օր է, և Corporación América ընկերության տնօրենը` արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, բացառիկ հարցազրույց է տալիս իր տանը: Էռնեկյանն իր ժամանակն անցկացնում է ճանապարհորդելով` զուգահեռ աշխատելով իր զանազան ծրագրերի վրա: Նրա տունը հյուրընկալ է և ճաշակով ձևավորված: Նա սենյակ է մտնում թարմ և երիտասարդ տեսքով. հագել է կապույտ վերնաշապիկ, բեժ և խակ կանաչ երանգի տաբատ և նեոնային կանաչ գոտի: Այնքան շատ հարցեր կան տալու: Նա աշխարհահռչակ և առաջատար ընկերություն ունի տարբեր ենթակառուցվածքներով`գյուղատնտեսություն, էլեկտրաէներգետիկա, առևտուր, տեխնոլոգիա և բանկեր: Բիզնեսմեններին հետաքրքրում է, թե ինչպես է նա ընտրում իր ծրագրերը, քանի որ ունի հստակ, կտրուկ և համարձակ գործելակերպ:
– Այսօր բիզնեսներն այնքան արագ են զարգանում, որ պետք է հասցնես տեխնոլոգիայի հետ,- երկար դադարից հետո սկսում է Էդուարդո Էռնեկյանը: -Պետք է զգաս, թե ինչն է այսօր զարգանում: Բիզնեսն այսօր չի դոփում նույն տեղում, ինչպես սովոր էինք համարել 50-100 տարի առաջ: Տեխնոլոգիան և մարդկանց պահվածքը քեզ կօգնեն ճիշտ որոշում կայացնել բիզնեսի պարագայում:
Ես հարցեցի, թե նա ի՞նչ խորհուրդ կտա ապագա սերունդներին` հատկապես անվախ լինելու հարցում: Նա ժպտում է և շարունակում.
– Ես ներքուստ հավանություն չեմ տալիս այն բաներին, որոնք անում են այսօր երիտասարդները, բայց կարծում եմ, որ նրանք հաջողության կհասնեն: Նրանց մեթոդները տարբեր են, և հնարավոր է, որ դրանք սխալ բանի հանգեցնեն, բայց վերջնական արդյունքում հաջողություն կունենան, քանի որ նրանք այդ ամենն ուզում են. ավելի լավ աշխարհ, ավելի լավ մարդկային աշխարհ, ավելի լավ կազմակերպված աշխարհ:
– Իսկ ինչպե՞ս վերացնել վախը:
Նա մի պահ մտածում է և մտածկոտ հայացքով պատասխանում.
– Վերացնում են վախը, պայքարում ազատության և ժողովրդավարության համար, և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող «գյուղերը» փոխարինում այնպիսի «կառավարվող գյուղով», որի կարգախոսը հարմար է լինում բոլորի համար: Էռնեկյանը, ով վերջերս Նոբելյան մրցանակ էր շահել` իր` խաղաղությունն առաջ տանելու աշխատանքում և որպես Միացյալ Նահանգների բարի կամքի դեսպան, բացահայտում է իր` զարգացող երկրներում խաղաղությունը քաջալերելու համար` ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը:
– Ռիսկային երկրներում սարսափելի ցիկլ է: Ներդնողները ներդրումներ չեն կատարում, քանի որ երկիրն ապահով չէ, և դա ներդրումը վտանգի է ենթարկում: Մենք պետք է կտրենք այդ շրջանը, ես դա սովորել եմ Հայաստանում: Ես ինքս ինձ ասացի՝ մենք պետք է ներդրումներ կատարենք այս երկրներում, ապա թե ոչ` երիտասարդները կլքեն երկիրը՝ տնտեսական ճնշման հետևանքով, որը մարդկանց կտխրեցնի: Այսօր բոլորը պետք է երջանիկ լինեն: Մենք պետք է բոլորս աշխատանք ունենանք, հույս, քանի որ մարդկությունը չի կարող առանց հույսի ապրել: Պիտի կոտրենք այդ շրջանը և ներդրումներ կատարենք զարգացող և նույնիսկ ներքին կոնֆլիկտ ունեցող երկրներում: Ես անմիջականորեն Հայաստանում եմ իմացել, թե ինչ կարևոր են այս ներդրումները:
Քանի որ մենք խոսում էին երիտասարդ սերնդի մասին, ես հարցրեցի նրան, թե ո՞րն է եղել նրա առաջին փորձը, որը նրան հասունություն է բերել: Եվ նա պատմեց ինձ համալսարանն ավարտելու մասին պատմությունը, և, թե ինչ արտասովոր պահ է կիսել հոր հետ:
– Ես ասացի իմ հորը, թե ինչքան երջանիկ եմ, որ ստացել եմ իմ գիտական աստիճանը, և նա ասաց. «Շատ լավ է տղաս, իսկ հաջորդ ամիսներին ի՞նչ ես պատրաստվում անել»: Ես ասացի. «Չգիտեմ, կնայեմ շուրջս, որ հասկանամ, թե ինչ եմ ուզում անել ապագայի համար»: Հայրս հարցրեց ինձ, թե արդյո՞ք ցանկանում եմ շարունակել ուսումս, և ես պատասխանեցի` միգուցե այո, միգուցե ոչ: Հայրս ինձ ասաց, որ միևնույն ժամանակ կարող եմ աշխատել ընտանեկան տեքստիլի գործարանում: Իմ կարիերան սկսվեց հատակը լվանալուց,- նա սկսեց ծիծաղելով, և նրա դեմքն աշխուժացավ, կարծես նորից վերապրում էր այդ ամենը: -Դա այն ժամանակ էր, երբ ես ցանկանում էի դառնալ ձեռնարկատեր:
Corporación América-ի գյուղատնտեսության բաժինն արտադրում է մեծ քանակությամբ գինի Արգենտինայի Մենդոզա գավառում և Հայաստանում: Էռնեկյանն ասում է, որ Հայաստանում արտադրվող գինին խոստումնալից է, քանի որ բարձրորակ և համեղ խաղող է աճում այստեղ: Տարածված կարծիք կա, որ Շիրազ կամ Սիրա խաղողն այստեղից է սկիզբ առել: Համատեղիր այն Արգենտինայի ընտանիքի գիտելիքի և փորձի հետ, և Եվրասիական լավ կլիման և հողը կարարեն հիանալի գինի:
– Մենք ուրախ ենք, որ ներդրումներ ենք կատարում այդտեղ, սովորեցնում ենք ֆերմերներին՝ ինչպես աշխատել նորագույն տեխնոլոգիայով, որն էլ իր հերթին՝ ավելացնում է բերքի քանակը և որակը,- նշում է Էռնեկյանը:
Corporación América-ն հիմնել է Central Bi Oceanic Corridor կոնսորցիումը՝ թունել կառուցելու նպատակով, որը կմիացնի Չիլիի և Արգենտինայի միջև գտնվող Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Ես հարցրեցի նրան, թե արդյո՞ք ծրագիրը գլոբալ ազդեցություն կունենա, և նա պատասխանեց.
– Այն կունենա տեղական ազդեցություն, որն էլ իր հետ կբերի գլոբալ ազդեցության: Տեղական եմ ասում, քանի որ Ամերիկան բաժանված է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներով: Մենք ունենք վիթխարի օղակ, որը միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները: Դարերի ընթացքում աշխարհի առևտուրը զարգացել էր Ատլանտյան օվկիանոսը կողմը` գլխավորապես Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, որն աշխարհում ամենամեծ տնտեսական զարգացումն էր համարվում: Համաշխարհային Երկրորդ պատերազմից հետո Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կնքվեց համաձայնագիր, որը թույլ տվեց Ճապոնիայից հետո Չինաստանին զարգանալ: Ավելի ուշ տեղի ունեցող զարգացումները և տեխնոլոգիայի նկատմամբ ավելացված պահանջները Խաղաղօվկիանոսյան շուկայում բիզնեսի պոտենցիալը մեծացնում են: Ինչ վերաբերում է Լատինական Ամերիկային, ապա մեզ համար սարերը խոչընդոտ են հանդիսանում: Ճիշտ է, մենք ունենք երկաթուղային համակարգ, որը ծածկում է 1500կմ, սակայն պակասում է 50կմ-անոց թունել, որը կմիացներ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները: Երբ այս երկուսը միացվեն իրար, ապա առևտրական ապրանքները Հարավային Բրազիլիայից, Բոլիվիայից, Պարագվայից և Արգենտինայից մուտք կգործեն Խաղաղօվկիանոսյան նավահանգիստ, hյուսիս-արևմտյան Ասիա: Նման կերպ Լատինական Ամերիկայի տնտեսությունը կզարգանա:
Եվ վերջապես ես նրան հարցրեցի, թե արդյո՞ք սիրահարվել է: Եվ նա պատասխանեց.
– Ամեն օր, իմ տարիքում անհնար է, որ չսիրահարվես այն ամենին, ինչ անում ես: Ունենալով նոր ծրագրեր, գաղափարներ, խոսելով տարբեր մարդկանց հետ, սովորելով նոր պատկերացումներ: Իմ տարիքում զգում ես այս, քանի որ սիրահարված ես կյանքին: Սա շատ ավելի կարևոր է, քան սիրահարվել մարդուն: Իհարկե, կարևոր է սիրահարվելը մարդուն, դա յուրահատուկ կապվածություն է: Հարկավոր է սիրահարվել այն ամենին, ինչ անում ես, այլ ոչ թե ինքդ քեզ սիրահարվել: Սա խթան է հաջողության հասնելու համար: Եթե քեզ դուր չի գալիս այն ամենը, ինչ անում ես, ապա դու զարկ չես տա քո երևակայությանը:
Ես միջամտում եմ և հարցնում .
– Դուք խոսում եք կրքի՞ մասին:
Եվ նա պատասխանում է.
– Կիրքը ես հասկանում եմ՝ որպես կիրք: Բայց դա կիրք չէ: Կիրքը երբեմն սիրո հետ միախառնվում է, բայց այն անհայտանում է այսպես,- նա ասում է՝ շրխկացնելով մատները,- բայց սերը քեզ կարող է պահել իր շարունակության մեջ:
Հարցազրույցը՝ ՍԻԼՎԻԱ ԹԻՐԱՔՅԱՆԻ՝ հատուկ «Caviar Affair» ամսագրի համար:
Հրապարակումը տպագրվում է հեղինակի թույլտվությամբ:
Թարգմանությունը՝ Շողեր Գալստյանի