ՍԴ-ն քննության կառնի «Ծիծեռնակ-8» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա գործը
Մարտի 19-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Ծիծեռնակ-8» ՍՊԸ դիմումի հիման վրա գործը: Դիմումատուն վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի սահմանադրականությունը:
Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Կիմ Բալայանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավված է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, ՀՀ դատական օրենսգիրքը, ՀՀ հողային օրենսգիրքը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքն ընդունած Ազգային ժողովը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի` վճռաբեկ բողոքը վերադարձնելը, 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։ Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։
ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող 91-րդ հոդվածը սահմանում է դատավորի ինքնաբացարկի հիմքերը:
ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածը ամրագրում է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման կարգը:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները համապատասխանաբար վերաբերում են պետական կազմակերպության սեփականությանը և պետական կազմակերպությանն ամրացված գույքին:
«Փաստինֆո»