«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում
Հայաստանի «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է հեղինակավոր «World Travel Awards» 2023-ի հաղթող «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:
Այս մասին նշված է «World Travel Awards»-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկագրում:
«ՏաԹևեր»-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է գրավում առաջին հորիզոնականն այդ անվանակարգում՝ ճանաչվելով աշխարհի լավագույն ճոպանուղի:
Բաց քվեարկության արդյունքում հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և Հարավաֆրիկյան Հանրապետությանը:
Դուբայում տեղի ունեցած World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ պատվավոր մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:
«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում։