Կառավարությունը մերժեց ՕԵԿ պատգամավորներին՝ ողջունելով նրանց նպատակադրումը
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը։ Ըստ կառավարության եզրակացության, օրինագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, ինչպես նաև կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Ողջունելով նախագծի հեղինակների նպատակադրումը` կառավարությունն առաջարկում է խնդրին անդրադառնալ «ՀՀ բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունումից հետո` դրա համատեքստում։ Այս երկու պատգամավորները հանդես են եկել նաև «Հուղարկավորության կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է ներմուծել մասնավոր գերեզմանատների ինստիտուտը, ինչն օրինական հիմքի վրա կդնի դրանց գործունեությունը։ Գործադիրն սկզբունքորեն ընդունելի է համարում առաջարկվող գաղափարը` հայտնելով, որ ՀՀ կառավարությունում մշակվել և այժմ քննարկման փուլում է համանման օրենքի նախագիծը։ Վերջին երկու օրինագծերի վերաբերմամբ նույնպես վարչապետը կարևորել է համագործակցությունը դրանց հեղինակների հետ` փոխադարձ ընդունելի փաստաթուղթ ստեղծելու և Ազգային ժողով ներկայացնելու համար։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։