«Բարով գնաք, բարով գաք».Գուրգեն Եղիզարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին այցելողների մասին

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը չի ցանկանում մեկնաբանել իր համախոհ ընկերների՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանի և նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այցը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ ինքն անձամբ չի պատրաստվում այցելել Ր. Հովհաննիսյանին:

Նշենք, որ ըստ Գ. Եղիազարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծում է Մարտի 1-ի պատմությունը։ 168.am-ի այն հարցին, թե մի՞թե ՀԱԿ ներկայացուցիչները մոռացել են այդ մասին, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Դա իրենց գործն է, կարող է՝ այսօր էլ հանդիպեն, կարող է վաղն էլ հանդիպեն, դա իրենց անձնական գործն է: Բայց ես նրա ասածներին չեմ կարողանում անտարբեր մնալ, նա ամեն քայլափոխի ինչ-որ բան ասում է, մեր 5 տարվա պայքարի մասին  և իր տձև ելույթներով ոչ մի բառ չի ասում իշխանություներին: Այդ մարդը երկու ամիս խոսում է՝ ոչ մի ավարտուն միտք չի արտաբերել»,- հայտարարեց ՍԴՀԿ ներկայացուցիչը:

Նա չցանկացավ մեկնաբանել նաև Հայ հեղափոխական դաշնակցության աջակցութունը Րաֆֆի Հովհաննիսյանին: «Դաշնակցությունն իր խնդիրներ է լուծում: Եթե գտնում է, որ «Ժառանգության» հետ քայլ ունի անելու, լավ է անում: Դաշնակցությունն ավանդական կուսակցություն է, գնացել է, Լևոն Զուրաբյանն էլ է գնացել: Բարով գնաք, բարով գաք»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը: Մեր այն հարցին, արդյո՞ք կարելի է մտածել, որ  «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը նույնպես կանգնում է կեղծ ընդդիմության կողքին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ժիրայր Սէֆիլյանին շատ հարգում եմ, հարգում եմ նրա անցած ուղին, որպես Շուշիի  հրամանատար: Ես իր գնալը-չգնալը, խոսել-չխոսելը  չեմ մեկնաբանի»:

Գ. Եղիազարյանի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանություններին քննադատելու փոխարեն թիրախ ընտրել է ընդդիմությանը: «Ինչո՞ւ պետք է խանդեմ մի մարդու, որն իր նախընտրական ամբողջ գործընթացը սկսեց Սերժին, ում հետ ինքը պետք է վիճարկի նախագահի աթոռը, գովաբանելով՝ անվանելով Արցախի հերոս, և ամեն կերպ վարկաբեկելով ՀԱԿ-ի գործողությունը: Ասում են՝ նոր մշակույթ է մտցրել սա, այսինքն՝ նոր մշակույթն այն է, որ դու հանիրավի կպնում ես ընդդիմադիր գործիչների՞»,-նկատեց ՍԴՀԿ ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս