«Երբ Վովա Գասպարյանը գնում և այդ նստարանի առջև չոքում է, արդեն դա ժողովրդի հաղթանակն է» (տեսանյութ)

«Իսկապես, հացադուլը` որպես քաղաքական պայքարի ծայրահեղ ձև, բնորոշ է այն հասարակություններին, որտեղ լուրջ սպառնալիք է առաջանում ժողովրդավարական ինստիտուտներին կամ հաստատվում է ամբողջատիրական կամ կոշտ ավտորիտար ռեժիմ»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` խոսելով ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից սկսված հացադուլի և հետընտրական զարգացումների մասին:

Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հացադուլը` որպես քաղաքական պայքարի ձև, օգտագործել են, օրինակ, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ազատ Արշակյանը, ով նույնպես ներկա էր ասուլիսին, աշխարհահռչակ գիտնական Անդրեյ Սախարովը` պայքարելով խորհրդային ամբողջատիրության դեմ և այլն: Բայց մյուս կողմից, ըստ քաղաքագետի, զարգացած ժողովրդավարական երկրներում այսօր պայքարի այդ ձևը գրեթե չի օգտագործվում:

«Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց այդ ձևին, որովհետև նա համարում է, որ պայքարի այլ ձևերը սպառվել են, և այսօր համակարգն այնպիսին է, որ, ըստ էության, միայն այդպիսի պայքարի ձև որդեգրելով` կարելի է հասնել արդյունքի»,- ասաց Հ.Հովհաննիսյանը: Քաղաքագետը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասել է «լրջագույն արդյունքի»:

«Այսօր այս երկրում շատ հալածյալներ կան, հետապնդվողներ կան, տառապողներ կան այս ռեժիմից և այս չինովնիկներից, այս դատաիրավական համակարգից, այս Ոստիկանությունից: Երբ Վովա Գասպարյանը գնում և այնտեղ այդ նստարանի առջև չոքում է, թե հերիք եղավ, բոլ եղավ, մի բան անենք, ոնց անենք… արդեն իսկ դա ժողովրդի հաղթանակն է»,- հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

«Րաֆֆին շատ կարևոր հարց է լուծում, այսինքն` կոտրել այն տեսակետը, որ քաղաքականությունը և բարոյականություն, ինչու ոչ, նաև բարոյախոսությունը անհամատեղելի են: Այդ կարծրատիպը կոտրելու քայլ է արել»,- ասաց Հ.Հովհաննիսյանը:

Քաղաքագետների միության նախագահն ավելացրեց, որ այս արդյունք իհարկե դեռևս բավարար չէ, սակայն, ըստ նրա, իշխանությունը ստիպված է լինելու գնալ զիջումների: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` իշխանությունը ստիպված կլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իսկ Ազատ Արշակյանն իր հերթին հակադարձեց Հմայակ Հովհաննիսյանին` կարծիք հայտնելով, որ թերագնահատվում է նախորդ ժամանակների քաղաքական գործիչների դերը: «Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստի իրավիճակ է ստացել, դա ինքը չի բերել իր հետ, այս իրավիճակն արդեն հասունացել էր»,- ասաց Ազատ Արշակյանը:

Տեսանյութեր

Լրահոս