Դատապարտյալը կարել է աչքերը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Զավեն Մակարյանը օրեր առաջ իր վրա լուծիչ է (растворитель) լցրել, ինչի հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Թե ի՞նչն է դրդել դատապարտյալին գնալ նման քայլի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը դժվարացավ պատասխանել՝ ավելացնելով, որ հետաքննություն է կատարվում:
Սակայն Գ. Ղլեչյանը վստահեցրեց, որ չնայած ստացած այրվածքներին դատապարտյալի առողջական վիճակը նորմալ է։
Զավեն Մակարյանը դատապարտվել է 2008թ. մարտին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով,175-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն պատիժը կրելու ընթացքում նրա նկատմամաբ հարուցվել է նոր քրեական գործ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մեկ այլ կալանավոր էլ կարել է աչքերը և հացադուլ է հայտարարել: Վերջինս առանձնապես խոշոր չափերի խարդախության համար դատապարտված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին կալանավոր Հայկ Գալստյանն է, ով տեղափոխվել է «Հրազդան» ՔԿՀ: Սկզբում դատապարտյալը պահանջել է, որ իրեն հետ տեղափոխեն, սակայն այժմ ցանկանում է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Գ. Ղլեչյանի խոսքով՝ նա անօրինական պահանջներ է ներկայացնում, և այնպիսի առողջական խնդիրներ չունի, որ տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: