Ուսուպաշվիլին Պենտագոնում քննարկել է վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության հարցը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին Պենտագոնում քննարկել է Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ հանդիպումը տեղի է ունեցել Ուսուպաշվիլիի ամերիկյան այցի շրջանակներում:
Հանդիպումից հետո Ուսուպաշվիլին հայտարարել է, որ Պենտագոնում ունեցած հանդիպումները շատ հետաքրքիր են անցել և միտված են եղել վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության խորացմանը.
«Մենք պատրաստակամություն հայտնեցինք, որ այսուհետ նույնպես ներդրում ենք ունենալու միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, իսկ Պենտագոնի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին վրացական բանակին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիաներին մասնակցելու համար, որոնցում մերոնք իրենց դրսևորել են լավագույն կողմերով»:
Ուսուպաշվիլին պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել մարտի 10-ին: Նա արդեն իսկ հանդիպումներ է անցկացրել Պետդեպարտամենտում ու Կոնգրեսում, ինչպես նաև մասնակցել է մի շարք «կլոր սեղանների»: Պետդեպարտամենտում Ուսուպաշվիլին քննարկել է Վրաստանի սահմանադրական ուղղումների հարցը: