ԱՄՆ կոնգրեսն Էրդողանից պահանջել է հետ վերցնել սիոնիզմի վերաբերյալ իր խոսքերը
Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ փետրվարի 28-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած «Քաղաքակրթությունների դաշինքի» ֆորում արած սկանդալային հայտարարության համար:
Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Էրդողանը զուգահեռներ էր անցկացրել սիոնիզմի ու ֆաշիզմի միջև. «Ինչպես և սիոնիզմի, հակասեմականության ու ֆաշիզմի պարագայում է, իսլամատյացությունն անխուսափելիորեն համարվելու է մարդկության դեմ ուղղված հանցանք»:
Դրա հետ կապված՝ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների 89 անդամ նամակ են գրել Էրդողանին՝ պահանջելով հետ վերցնել իր այդ խոսքերը: Նրանցից 23-ը ներկայացրել են Սենատը, իսկ 66-ը՝ Ներկայացուցիչների պալատը: Այսինքն Էրդողանին հասցեագրված նամակի տակ ստորագրել է Սենատի անդամների 23 տոկոսը և Ներկայացուցիչների պալատի 15 տոկոսը:
Սակայն ուշագրավն այն է, որ ստորագրողների թվում է հայտնվել ԱՄՆ կոնգրեսի Թուրքիայի հետ բարեկամության խմբի 12 անդամ: Ընդհանուր առմամբ, այդ խումբն ունի 123 անդամ:
Հանրապետական սենատոր Մարկ Կիրկը հայտարարել է, որ Էրդողանը, փոխանակ վարի ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Իսրայելի հետ ավելի մերձենալու քաղաքականություն, վարում է Արևմուտքից ավելի հեռանալու և մեկուսանալու քաղաքականություն: Այսպիսի խիստ հայտարարությունների հետ մեկտեղ նամակում տեղ են գտել թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը գովաբանող հայտարարություններ: