Բաժիններ՝

Լարված իրավիճակ՝ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստին

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում այսօր շարունակվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործի քննությունը: Դատաքննությունը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերի 12-ին. այսօր ընթանում է թվով 3-րդ դատական նիստը:

Ինչպես նախորդ նիստերը, այս նիստը ևս ընթանում է լարված պայմաններում: Այսօր նիստի մեկնարկին տուժողների իրավահաջորդներից մեկը, մոտենալով մեղադրյալ սպա Եղիշե Հակոբյանին, հարվածեց նրան:

168.am-ի տեղեկություններով՝ Եղիշե Հակոբյանի ուղղությամբ նաև ջրի շիշ են նետել: Նշենք, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն 5 զինվորական, որոնցից 3-ը կալանքի տակ են:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կարդացեք նաև

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ), և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, և, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից ոմանք պատմում են տղաների և սպաների միջև եղած լարված հարաբերությունների մասին։

Լուսանկարները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութից:

Տեսանյութեր

Լրահոս