Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են մասնակցել երիտասարդների համար նախատեսված դասընթացների՝ Երևանում ու մարզերում. Հենրիխ Դանիելյան
«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք ո՛չ միայն մեր 120.000 արցախցի հայրենակիցների բնօրրանը, մեր Արցախը, այլև ունենք ազգային իմունիտետի վերականգնման խնդիր»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ շեշտելով, որ հայ հանրությունն այսօր լիարժեքորեն կանգնած է արցախահայերի կողքին:
Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ երիտասարդական ծրագրերի շրջանակում իրենք իրականացնում են անվճար դասընթացներ՝ լեզուների, քաղաքական, դիվանագիտական դասընթացներ, հայրենասիրական ֆիլմերի դիտումներ ու քննարկումներ:
«Մեր կուսակցության բոլոր գրասենյակներն ազատ են: Աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով»,- հայտարարեց ՀՀԿ ԵԿ նախագահը՝ հավելելով, որ ծրագրերն իրականացվում են՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած, Արցախն ավելի քան 10 ամիս շարունակ մնաց ադրբեջանական շրջափակման ներքո: Արդեն այս տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ, շենք-շինություններ, դպրոցներ ու մանկապարտեզներ:
Արցախի ՄԻՊ գրասենյակի հրապարակած վերջին տվյալներով՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 200-ի: Նրանցից 10-ը խաղաղ բնակիչներ են: Զոհերի մեջ եղել են նաև երեխաներ:
Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև ավելի քան 400 վիրավոր, որոնցից 13-ը՝ երեխաներ:
Նազելի Ստեփանյան