Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 77․776-ը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացիներից 77 հազար 776-ը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում։ «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` հավելելով, որ տեղաբաշխումը շարունակվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։
«Ըստ բաշխվածության՝ պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 4119, Արարատում՝ 19 հազար 54, Արմավիրում՝ 8149, Գեղարքունիքում՝ 4939, Լոռիում՝ 4695, Կոտայքում՝ 22 հազար 350, Շիրակում՝ 3529, Սյունիքում՝ 5436, Վայոց Ձորում՝ 2310, Տավուշում՝ 3195»,- տեղեկացրեց նա:
Նա հայտնեց, որ շուրջ 58 հազար անձի տեղաբաշխումն իրականացվել է պետական աջակցության միջոցներով։
«Առաջին օրերին այս թիվը կազում էր 51-52 տոկոս։ Սակայն եղան քաղաքացիներ, որոնք առաջին օրերին սեփական տեղորոշման վայր էին մեկնել, բայց այնուհետև օգտվել են պետական կեցավայրերից»,- ասաց նա: