Եթե Հայաստանը համաձայնություն տա, անմիջապես կսկսենք հանդիպումներ անցկացնել Վրաստանում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եկել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա աշխատելու ժամանակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է ակտիվորեն սկսենք աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա: Հուսով եմ՝ մենք կկարողանանք հասնել դրան, և այս կերպ կստեղծենք այնպիսի քաղաքական միջավայր և իրավիճակ Հարավային Կովկասում, որտեղ կներկայացվի եռակողմ համագործակցություն՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ»,- ասել է Ալիևը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ադրբեջանի ղեկավարը չի բացառել Վրաստանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման անցկացումը, եթե հայկական կողմը համաձայնի դրան։

«Եթե Հայաստանը համաձայնություն տա, մենք անմիջապես համապատասխան գերատեսչությունների օգնությամբ կսկսենք երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնել այստեղ՝ Վրաստանում», – հավելել է նա։

Ալիևը կարծում է, որ Վրաստանը պետք է ներառվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Իմ պատկերացումն այն է, որ ամենաճիշտը, լինեն պատմական, թե աշխարհագրական կետեր, կլինի Վրաստանին ներգրավել այս հարցում (Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց-Խմբ.): Շնորհակալ եմ պարոն վարչապետին այս հարցի հետ կապված մեզ օգնելու պատրաստակամության և միջնորդի դերըն առաջարկելու»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահի դեմ առ դեմ հանդիպումը:

Հայտնի է, որ Ալիևը Վրաստան է մեկնել աշխատանքային այցով՝ Ղարիբաշվիլիի հրավերով:

Տեսանյութեր

Լրահոս