Վրաստանի ՍԴ-ում մեկնարկում են երկրի նախագահի իմփիչմենթի բանավոր լսումները

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հինգ պատգամավորներ կմասնակցեն վաղը Սահմանադրական դատարանում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Նախագահի իմփիչմենթի հարցի բովանդակային քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ հայցի հեղինակների և Վրաստանի նախագահի բանավոր լսումներում։

«Մենք՝ հինգ պատգամավորներս, լինելու ենք 80 հոգուց բաղկացած խմբի ներկայացուցիչներ, որոնք պաշտոնապես ներկայացրել են Սահմանադրական դատարան իմփիչմենթի վերաբերյալ հայց և անձամբ մասնակցելու ենք այս գործընթացին Բաթումիում»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը հարցը համարում է պարզ և ավելի քան լավատեսական է տրամադրված։

«Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա կրկնեմ այն, ինչ նախկինում բազմիցս ասել եմ․ սա դեպք է առաջին կուրսի առաջին դասախոսությունից։ Սա ամենապարզ դեպքն է, որի լուծումը հատուկ որակավորում չի պահանջում։ Այս գործը լուծելու համար նույնիսկ հատուկ իրավաբանական որակավորում պետք չէ։ Ուստի մեր ակնկալիքները լավատեսական են»,- ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքի» առաջնորդի խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլին «արմատական ընդդիմության» հետ միասին սաբոտաժի է ենթարկել Վրաստանի եվրոպական ապագան։

Հիշեցնենք, որ հակառակ Վրաստանի կառավարությանը՝ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է անցկացրել եվրոպացի առաջնորդների հետ՝ ի պաշտպանություն ԵՄ-ին Վրաստանի անդամակցության: Ավելի վաղ կառավարությունը մերժել էր Վրաստանից դուրս պաշտոնական հանդիպումների շարք սկսելու նրա դիմումը։

Տեսանյութեր

Լրահոս