Երբ տեսնում եք՝ մի բան այն չէ քարտեզի վրա, առաջին արձագանքը պետք է լինի ոչ թե նյարդայնանալը, այլ փոփոխություն առաջարկելն ու հետ բերելը. Սամվել Մարտիրոսյան

Արցախի ու Հայաստանի անվտանգության դեմ ադրբեջանական ոտնձգությունները շարունակվում են նաև քարոզչական և տեղեկատվական հարթակներում։ Վերջինիս դրսևորումներից է, օրինակ, «Գուգլ» և «Յանդեքս» համակարգերի քարտեզներում հայկական տեղանուններն ադրբեջանականով փոխարինելու արշավը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏՏ հարթակում ադրբեջանական հերթական սադրանքներին՝ նշեց. «Ադրբեջանում հազարավոր մեծ խմբեր կան, որոնք պետական հրահանգով ուղղորդված մտնում են և այդ քարտեզներում առաջարկում են փոփոխություն:

Քանի որ «Գուգլը» կամ «Յանդեքսը», պարզ է՝ չեն կարող իմանալ՝ աշխարհի բոլոր կետերում ինչ կա, մարդկանց են առաջարկում տեղադրել նոր անվանումները, և երբ շատ մարդ է առաջարկում նույն անունը, այդ փոփոխությունն ավտոմատ տեղադրվում է քարտեզի վրա։

Ադրբեջանցիներն օգտագործում են այդ լծակը՝ մտնում են և մեծ քանակով նույն առաջարկն են անում. սիստեմը փոխում է անունը»։

Մասնագետը, այս արշավների դեմ, բնականաբար, խորհուրդ է տալիս պայքարել նույն մեթոդներով։

«Այսինքն՝ երբ տեսնում եք, որ մի բան այն չէ քարտեզի վրա, առաջին արձագանքը պետք է լինի ոչ թե նյարդայնանալը, այլ սեղմել կոճակը, առաջարկել փոփոխություն և հետ բերել»,- հորդորեց նա։

Տեսանյութեր

Լրահոս