Խաղաղություն խնդրելու հետևանքը լինելու է պետությունից թուրքական տարածքի վերածվելն ու ինքնությունը կորցնելը․ Արթուր Մարտիրոսյան

Այսօրվա սպառնալիքների պատճառն այն է, որ այն այլընտրանքային խաղը, որն սկսել է Նիկոլ Փաշինյանը, մտնում է սուր փուլ, որում նա իրար հակադրված ուժային կենտրոններին կարող է հրավիրել այստեղ՝ շարունակելու իրենց հակամարտությունը։ Հայաստանում կարող է տեղի ունենալ Սիրիայի կամ Ուկրաինայի սցենարը, այդ վտանգը կա։ Արցախը կորցնելուց հետո մեր անվտանգության համակարգը մասամբ քանդված է։ Սրանց թվում է, թե արագորեն կարող են վեկտոր փոխել, բայց դա այդքան հեշտ հարց չէ։ Այն մարդիկ, որոնք հասկանում են անվտանգության ճարտարապետությունից, գիտեն, որ դա երկարատև գործընթաց է։ Իսկ անցումային ժամանակահատվածում մենք առավել խոցելի ենք լինելու։ Դրանով Փաշինյանը Հայաստանը շատ ավելի խոցելի է դարձնելու, և թուրքերն ու ադրբեջանցիներն օգտվելու են այդ հնարավորությունից, նրանք սպասելու են այդ պահին և օգտվեն՝ խնդիրը վերջնականապես լուծելով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանակցային մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը։

«Այսօր Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հոգեբանորեն ամեն կերպ կոտրել մեր դիմադրության ոգին։ Ռուբեն Վարդանյանի ձերբակալումը դրա ապացույցն էր։ Երբ ոգին կոտրվի, Սյունիքն էլ գրավեն, ստիպված կլինենք ասել՝ փրկենք մնացած Հայաստանը։ Ադրբեջանը պնդում է, թե 1989 թվականի մարդահամարով՝ ՀԽՍՀ-ում 180 հազար ադրբեջանցի է ապրել, հիմա էլ կարող են ասել, թե երեսուն տարում այդ թիվը հասել է 300 հազարի։ Եթե Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով, պետք է հասկանալ՝ ինչ վտանգների առջև ենք մենք կանգնելու։ Ի սկզբանե, երբ խոսակցություններ սկսվեցին, թե մեզ խաղաղություն է պետք, թե մեզ պետք է խաղաղության պայմանագիր կնքել, ակնհայտ էր, որ խաղաղությունը պայմանագիր չէ, կողմերը պետք է ցանկանան այդ խաղաղությունը։ Իսկ ադրբեջանական և թուրքական կողմի ծրագրերում մենք չկանք, հետևաբար՝ մենք չենք կարող միակողմանիորեն խոսել խաղաղության մասին»,- ասաց փորձագետը։

«Երբ այսօր խաղաղությունից ենք խոսում, թշնամուն ուղերձ ենք հղում, թե մենք այնքան թույլ ենք, որ նույնիսկ այս վիճակում իրենցից խաղաղություն ենք խնդրում։ Կարող է խաղաղություն ստանանք, եթե պետությունից վերածվենք մի տարածքի, որն իրենք են վերահսկելու։ Այդ դեպքում դա կկոչվի խաղաղություն, բայց ի՞նչ խաղաղություն է դա, եթե մենք կորցնելու ենք պետականությունը, ինքնությունը և ձուլվելու ենք թուրքական տարրերին։ Ժամանակին դեռևս ինչ-որ տեղ մնում էր բանակցելու, պայքարելու՝ եթե ոչ Արցախի անկախության, գոնե ինչ-որ կերպ այն հայկական պահելու համար։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն ստացավ հզոր լծակներ։ Փաշինյանն այդ ժամանակ դեռևս ոչ բացահայտ, բայց տողերի արանքից հասկացնում էր, որ Արցախը համարում է ադրբեջանական։ Հետևաբար՝ պիտի ընդուներ, որ Ադրբեջանն ասելու է՝ ի՞նչ գործ ունեն ձեր դրամն ու անձնագրերը մեր տարածքում»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Հասարակական գործչի կարծիքով՝ Երբ Փաշինյանն ընդունեց բրյուսելյան օրակարգը, պարզ դարձավ, որ Արևմուտքը, հետապնդելով Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու առաջնահերթ շահը, պարտադրում է նրան Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել․ «Ռուսական մոտեցումը՝ ոչ թե մեր, այլ իրենց շահերից ելնելով, այն էր, որ որոշ ժամանակ անց նոր միայն պիտի անդրադառնային կարգավիճակի հարցին։ Արևմուտքի ծրագրով Փաշինյանն անմիջապես պիտի հրաժարվեր Արցախից, և արեց դա։ Եթե նույնիսկ որևէ բան չես էլ ստորագրել, բայց հայտարարել ես, թե Արցախն Ադրբեջան է, բոլորն արդեն ընդունում են, որ դու արդեն արել ես դա։ Ռուսներն էլ իրենց մեղքը մաքրելու համար ասում են՝ այդ դո՛ւք եք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Իրականում եթե ռուսներն ուզենային, կարող էին շարունակել բանակցությունները, ի՞նչ կապ ունի Հայաստանի դիրքը։ Չէ՞ որ նրանք խոսում են արդարության թեմայով, Դոնբասի դեպքում պնդում են՝ ինքնորոշումը կարևոր սկզբունք է, Աբխազիա և Օսիա են ճանաչել, Օսիայում անգամ ռուս խաղաղապահներ սպանվեցին, և նրանք պատերազմ սկսեցին»:

«Հայտարարությունները մի կողմ, գերտերությունները, կայսրությունները միշտ շարժվում են իրենց շահերով։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ՝ բավարարելու Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի շահը։ Եթե Արևմուտքի շահը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է, դրա համար դու հրաժարվում ես Արցախից, և այնտեղ խաղաղապահ առաքելություն պահելն անիմաստ է։ Երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջան, այդ պահից ռուսներն Ալիևին այլևս չէին կարող ասել, թե Հայաստանը ևս պետք է մասնակցի բանակցություններին։ Այդ պահին Երևանը փոխարինվեց Ստեփանակերտով»,- ամփոփեց Արթուր Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս