Բաժիններ՝

«Դատավորները անկարող են արդարադատություն իրականացնել»

«Երևի թե այն ցավալի իրողությունն է մեզ մոտ այս դեպքում, որ դատավորներն անկարող են արդարադատություն իրականացնել և իրականում ուղղակի դատավորի աթոռին նստած լինելով՝ ամեն ինչ անում են, որպեսզի մեղադրական եզրակացությունը վերածեն դատավճռի, այսինքն՝ որպես այդպիսին՝ նոտարական ֆունկցիաներ են իրականացնում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արա Զաքարյանը: Վերջինս պնդում է, որ իր պաշտպանյալի՝ քաղաքացի Կարեն Անանյանի գործի քննությունը Երևանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ուղեկցվում է ապօրինություններով:

Կարեն Անանյանի փաստաբանը ներկայացրեց դեպքի նախապատմությունը. 2011-ի օգոստոսի 31-ին Կարեն Անանյանն իմացել է, որ երրորդ երեխան է ունենալու, և ոգելից խմիչք է օգտագործել: «Որոշել էր, որ հաջորդ օրը գնա որսի, հրացանը դրել էր իր ավտոմեքենայի մեջ, այնուհետև զանգել իր ընկեր և ավագ դստեր քավոր Արսենին, ով գործով որպես տուժող է անցնում, և նրանից տեղեկացել էր, որ վերջինս գտնվում է Արաբկիրի տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում, ցանկացել է նրան միանալ, որպեսզի ուրախ լուրի մասին հայտնի, և միասին նշեն: Նստել էր իր ավտոմեքենան, գնացել հանդիպման, որի ընթացքում վերջինիս տեղեկացրել էր, որ ուզում է գնալ որսի, ցանկացել էր նաև իր հրացանը ցույց տալ: Քանի որ մի քիչ էլ ոգելից խմիչք էր օգտագործել, հրացանը հանելու պահին անզգուշությամբ կրակոց էր արձակվել, կրակոցի ընթացքում փամփուշտի մեջ գտնվող մանրագնդակները ռիկաշետով կպել էին տուժողին: Անմիջապես տուժողին տեղափոխել էր հիվանդանոց, բժիշկները նրան արագ օգնություն էին ցույց տվել: Հետագայում պարզվել էր, որ տուժողին 8 մանրագնդակ էր դիպել»:

Ըստ փաստաբանի՝ գործի քննության ընթացքում հաստատվել է, որ տուժողն ու մեղադրյալն ընկերական-բարեկամական հարաբերություններ ունեն. բոլոր հարցաքննվողները նշել են, որ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով. «Այնուհանդերձ, քննչական մարմինը Կարեն Անանյանին մեղադրանք է առաջադրել ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: Մեղադրանքի հիմքում դրվել են մի քանի փաստեր, որոնցից մեկը դատաբժշկական փորձաքննությունն է եղել»: Կրկնակի դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ նշանակելու միջնորդությունները դատարանի կողմից մերժվել են. «Դատարանը, ցուցաբերելով բացահայտ կամայականություն, փորձագետի ենթադրությունը, որ վնասվածքը կարող էր թափանցող լինել, հիմք ընդունեց և այս պատճառով մերժեց»:

Փաստաբան Արա Զաքարյանը նշեց նաև, որ դեռևս 2012-ի հունիսի սկզբից գործը դատարանում է, սակայն դատավոր Արմեն Խաչատրյանի պատճառով դատական նիստերն անընդհատ տեղի չեն ունենում. փաստաբանի խոսքով՝ մինչ այժմ մոտ 10 դատական նիստ է եղել: «Դատավորի՝ արձակուրդ գնալու պատճառով 40 օր նիստ տեղի չունեցավ: Այնուհետև դատավորի՝ վատառողջ լինելու պատճառով նիստերը հետաձգվեցին 90 օրով: Միայն դատավորի պատճառով 130 օր դատական նիստեր չեն եղել: Մենք այս ընթացքում միջնորդել ենք, որ դատարանը Կարեն Անանյանին բաց թողնի գրավով: Միջնորդությունը դատարանը մերժում էր այն պատճառաբանությամբ, որ չկա որևէ հիմք նրան բաց թողնելու համար: Ներկայացնում էինք բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ Կարեն Անանյանն է ընտանիքում միակ աշխատողը: Ընտանիքը բաղկացած է 6 հոգուց, 3-ը մանկահասկ երեխաներ են, քույրը՝ 1-ին կարգի, մայրն էլ՝ 2-ին կարգի: Ընտանիքը հայտնվել է ծանր նյութական վիճակում: Մերժելու դեպքում միջնորդում էինք պետական բյուջեից գումարներ հատկացնել ընտանիքին ապրուստի համար: Դատավորը, ըստ էության, 2 միջնորդություններն էլ մերժեց և հեգնանքով մեզ ճանապարհ ցույց տվեց, որ երեխաներին կարելի է մանկատուն հանձնել, իսկ քրոջը և մորը՝ համապատասխան բուժհիմնարկ»:

Փաստաբանի խոսքով՝ Քրեական օրենսգրքի համաձայն՝ դիտավորյալ ծանր վնասվածք հասցնելու դեպքում մարդուն 3-8 տարի ազատազրկում է սպառնում, իսկ անզգուշությամբ ծանր կամ միջին վնասվածք հասցնելու դեպքում նախատեսված է տուգանք:

Կարեն Անանյանի կինը՝ Նելի Առաքելյանը, նշեց, որ այժմ 6 հոգանոց ընտանիքն ապրում է Կարեն Անանյանի քրոջը և մորը հասնող թոշակով. 3 երեխաներից յուրաքանչյուրին պետությունը 5000 դրամ է հատկացնում: «Փոքր աղջկան նույնիսկ չի տեսել: Չի ուզում: Ասում է՝ տեսնեմ, ավելի վատ կլինի: Մեզ էլ է արդեն արգելում իր մոտ տեսակցության գնալ: Մեր քավորը (խոսքը գործով տուժող Արսեն Պեպանյանի մասին է.- Օ.Հ.) էլ էր մեզ օգնում, բայց ինքն էլ ընտանիք ունի, էլ չի կարողանում օգնել»,- պատմեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս