«Դրանք Փաշինյանի ծրագրերն ու նպատակներն իրականացնողներն են. ստեղծված իրավիճակում որևէ մեկն իրավունք չունի խաղալ իր նեղ անձնական ու կուսակցական խաղը». Հակոբյան

Վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նիստ կգումարի և կհայտարարի երկրում նախագահ ընտրելու օրը։

Իսկ մինչ այս մամուլն արդեն գրել է, որ Արցախում պետնախարար կնշանակվի Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, նա նախկինում Արցախում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, ԱԺ պատգամավոր ընտրվելուց առաջ զբաղեցնում էր Արցախի Ֆինանսների նախարարի պաշտոնը։

168.am-ի հետ զրույցում, խոսելով Արցախում ներքաղաքական իրավիճակի, հայտարարությունների մասին, որ պետք է նախագահի ընտրության օրը ցույց անել և թույլ չտալ, որպեսզի 2-3 հոգի նախագահ ընտրեն, ինչպես նաև ԱԺ առաջիկա նիստի մասին, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նախ ասաց, որ նման հայտարարություններ անողն ավելի լավ կլինի նաև ասի, թե ով է 2-3 ընտրողը, ռազմական դրությամբ պայմանավորված՝ նախագահին պետք է ընտրի ԱԺ-ն, որն արտահայտում է  ժողովրդի կամքը։

«Մենք Ստեփանակերտում հանդիպումներ ենք անցկացրել, շրջանների բնակիչների հետ առցանց հանդիպումներ, քննարկել ենք այս հարցը, և հավատացնում եմ՝ մեր խմբակցության դիրքորոշումը լինելու է հենց ժողովրդի դիրքորոշումը։ Ժողովուրդը մեզ այդ մանդատն ու իրավունքը տվել է։ Ստացվում է, որ այսօր ԱԺ-ն իր վրա այնքան պատասխանատվություն է վերցրել, որ 33 հոգով պիտի ներկայացնի ժողովրդի կամքը։

Կարդացեք նաև

Անթույլատրելի է նման վիճակում նեղ կուսակցական կամ քաղաքական ամբիցիաներով, շահերով առաջնորդվել, որովհետև այս պահին եթե կա կուսակցական շահ, կոնկրետ մեր անունից եմ խոսում, ապա դա միայն Արցախի փրկության հարցն է։ Մնացած բաներն ուղղակի անթույլատրելի է, եթե մենք ավելի հստակ գնահատական տանք, ապա դրանք հենց Նիկոլ Փաշինյանի նույն ծրագրերն ու նպատակներն իրականացնողներն են։ Կրկնում եմ՝ ստեղծված իրավիճակում որևէ մեկն իրավունք չունի խաղալ իր նեղ անձնական ու կուսակցական խաղը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ անելու են այն, ինչ պարտավոր են անել, քանի որ Արցախը չի կարող մնալ առանց նախագահի, իսկ նախագահն էլ պետք է լինի ժողովրդի ընտրյալը։

«Եթե ցույց անողները 2-3 հոգուն են մատնանշում, ապա հետաքրքիր է՝ ո՞ւմ են իրենք ներկայացնում, մենք ժողովրդին ենք ներկայացնում, նրանք՝ չգիտեմ»,- հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Արթուր Հարությունյանի՝ պետնախարարի պաշտոնին հավանական նշանակմանը, Մետաքսե Հակոբյանը նշեց, որ պետնախարարի պաշտոնն այն պաշտոնն է, որի դեպքում նախագահը միանձնյա որոշում է կայացնում։

«Գուցե կառավարության կազմը փոխելու համար, ի վերջո, այդ պաշտոնները քաղաքական պորտֆելներ են, բալանսը պահպանելու համար Արթուր Հարությունյանի նշանակումն իրատեսական լինի։ Չեմ ուզում բնութագրումներ տալ, որովհետև պետնախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, այն ենթադրում է  ներքին կառավարում, հետևաբար՝ մենք պետք է տեսնենք, թե ներքին կառավարումն ինչպես է իրականացվելու, միայն դրանից հետո կկարողանանք գնահատականներ տալ։ Այս պահին ժամանակավրեպ է դեռ այդ մասին խոսելը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս