Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Արցախի հայերի
Հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու համար օգոստոսի 29-ից 31-ը Հայաստան ժամանած ֆրանսիայի քաղաքական մի խումբ գործիչներ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամիը, ինչպես նաև Մարսել, Լիոն քաղաքների, Լուարի երկիր, Օքսիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոների ներկայացուցիչները Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցելության արդյունքում հանդես են եկել հայտարարությամբ։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի «Twitter»-ի էջը, Ֆրանսիայի քաղաքների և ռեգիոնների ղեկավարներն արձագանքելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության իշխանությունների կոչին՝ հրատապ մարդասիրական օգնություն են հավաքագրել՝ ի աջակցություն Արցախի հայերի։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքը, միակողմանիորեն արգելափակել է Լաչինի միջանցքը, որը Արցախը կապում է Հայաստանին և հետևաբար նաև՝ ողջ աշխարհին։ Այս իրավիճակը ստեղծում է հումանիտար մեծ ճգնաժամ՝ մեկուսացնելով 120 000 խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ 30 000 երեխաներին, զրկելով նրանց կենսական նշանակություն ունեցող առաջնային անհրաժեշտության, առողջապահական ենթակառուցվածքների, էներգետիկ ռեսուրսների և ջրի հասանելիությունից: Ավելի քան 9 ամիս շարունակ արցախահայությունն ապրում է սննդի աննախադեպ սղության և հուսահատության պայմաններում՝ սահմանին տեղակայված ադրբեջանական ուժերի կրակի ամենօրյա սպառնալիքի ներքո։ Հազարավոր անմեղ մարդիկ խեղդամահ են լինում, իսկ մարդասիրական կազմակերպություններին թույլ չեն տալիս միջամտել՝ չնայած համատարած սովին և ահագնացող առողջական ճգնաժամին»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը փաստում է, որ արձագանքելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կոչին՝ որոշել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համակարգմամբ Հայաստան ուղարկել մարդասիրական շարասյուն՝ բաղկացած առաջին անհրաժեշտության չփչացող ապրանքներից, մասնավորապես՝ մանկական կաթ, էլեկտրական գեներատորներ, արևային վահանակներ ու ջրատաքացուցիչներ և այլն։ 10 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը համապատասխանում է Արցախի Հանրապետության իշխանությունների արտահայտած կարիքներին՝ խաղաղ բնակչությանը գոյատևելու և տարածաշրջանում հատկապես ծանր ձմեռային պայմաններին դիմակայելու, ինչպես նաև երեխաների թերսնման ահագնացող սպառնալիքը կանխարգելելու համար։
Ֆրանսիացի պաշտոնատար անձինք արձանագրում են, որ այս ամառվանից ի վեր միջազգային հանրության, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, որն օգոստոսի 16-ին հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ էր հրավիրել, հնչեցվող ահազանգի պայմաններում եկել է գործելու ժամանակը: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները մասամբ բնութագրում են ցեղասպանությունը՝ սով, կենսական միջոցներից զրկում և հրատապ հումանիտար միջամտությունների խոչընդոտում։ Զեկույցը պնդում է էթնիկ զտումների ցեղասպան սպառնալիքի մոտալուտ լինելու փաստը։
«Մենք չենք կարող անտարբեր մնալ այնպիսի իրավիճակի նկատմամբ, որը հիշեցնում է Հայաստանի պատմության ամենավատ շրջանը։ Աշխարհում բազմաթիվ կողմերից ահազանգում են և կոչ անում Ադրբեջանին՝ առանց հապաղելու վերացնել այս շրջափակումը։ Դիվանագիտական հայտարարությունների ժամանակն ավարտվել է։
Ահա թե ինչու ողջ ֆրանսիական տարածքը և տարբեր քաղաքական ընտանիքներ ներկայացնող շուրջ քսան ընտրված պաշտոնյաներ ցանկացան ուղեկցել այս մարդասիրական շարասյունը դեպի սահման՝ պահանջելու Լաչինի միջանցքի բացումը։ Արձանագրելով ադրբեջանական իշխանությունների մերժումը՝ թույլ տալու, որ ավտոշարասյունը հասնի՝ փաստացի թակարդում գտնվող Արցախի հայ ժողովրդին, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի նախագահին սեղմ ժամկետներում հանդես գալ Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պահանջելով Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը՝ հումանիտար օգնության առաքումը և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար։ Այս մտահոգիչ հումանիտար իրավիճակից զատ պետք է հարգվի 2020 թվականի վերջին ընդունված համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հանդիսանում է նրա գոյատևման պարտադիր (sine qua non) պայման, այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպան նկրտումները»,-նշված է հայտարարության մեջ։