Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ դրական, կառուցողական և օգտակար դեր խաղալ Հարավային Կովկասում. Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարարին
«Ազատություն» ռ/կ. Մոսկվայում համոզված են՝ Անկարան կարող է դրական դերակատարություն խաղալ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։ Այս մասին այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք համագործակցության խորացմանը այլ ուղղություններով ևս, այդ թվում՝ Անդրկովկասում։ Մենք շահագրգռված են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք շահագրգիռ ենք նաև այն պայմանավորվածությունների կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերից սկսած, այդ թվում այն պայմանավորվածությունների, որ վերաբերում են տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերում», – հայտարարել է Լավրովը։
Նախարարների ասուլիսին նախորդեցին նախ ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Ֆիդանի և Լավրովի դռնփակ բանակցությունները։ Ընդլայնված ֆորմատում բանակցությունների ժամանակ արդեն պարզ էր՝ Ֆիդանի մոսկովյան այցի գլխավոր նպատակը Ռեջեպ Թայիփ Էրդողանի առաջիկա ռուսաստանյան ուղևորության օրակարգի հստակեցումն է։ Թուրքական մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը Սոչի կժամանի արդեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 4-ին։
«Հաշվի առնելով, որ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պատրաստվում են իրենց հերթական հանդիպմանը, կարծում եմ՝ մենք այսօր կարող ենք մանրամասնորեն ուսումնասիրել այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջնորդների կողմից։ Բացի երկկողմ թեմաներից, մեր օրակարգն ու պրակտիկ համագործակցությունը շատ հագեցած են նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում։ Այդ ամենը պարբերական փոխադարձ հստակեցումների կարիք ունի, այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար կլինի և թույլ կտա մեզ մեր առաջնորդների դատին որակյալ խորհուրդներ ներկայացնել», – Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների մեկնարկին ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում ավելի հստակ էր՝ նշելով, թե հատկապես որ խնդիրներն են լինելու մոսկովյան, ըստ ամենայնի, նաև Սոչիում կայանալիք նախագահների քննարկման հիմնական թեմաներից մեկը։ «Այսօրվա մեր օրակարգը շատ հագեցած է։ Այսօր մենք անդրադառնալու ենք երկկողմ հարաբերություններին և գլոբալ խնդիրներին։ Բնական է, որ այսօրվա մեր հանդիպումը և այն հարցերը, որ մենք քննարկելու ենք միաժամանակ նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպման նախապատրաստումն են հանդիսանալու։ Ինչ վերաբերում է քննարկման առարկա հարցերի ցանկին, ապա դրանց թվում են հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնությունը» և պատերազմը [Ուկրաինայում]։
Օրակարգում են նաև Սիրիան ու Հարավային Կովկասը», – հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։