Բաժիններ՝

Շուշան Պետրոսյանին կդիմավորեն խիյարով ու օճառով. մամուլ

«Շուշան Պետրոսյանը հնարավոր է թանկ վճարի «Կենտրոն» ՀԸ եթերում՝ «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած խոսքերի համար: Մարտի 13-ին Գյումրիում կայանալիք նրա ջազային համերգի ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր-երգչուհուն անակնկալ է սպասվում, հնարավոր է՝ «խիյարի» տեսքով»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Հաղորդաշարի ժամանակ Պետրոսյանը՝ գյումրեցիներին նկատի ունենալով, ասել է, թե ազնիվ չէ՝ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի: Եվ հիմա Գյումրու մի խումբ բնակիչներ ինքնաբուխ ակցիայի են պատրաստվում, որում ընդգրկվել են՝ հիմնականում նախագահական ընտրությունները բոյկոտող գյումրեցի ուսանողներ, ովքեր վերջին օրերին այլ ակցիաներ էին անում Հայաստանի երկրորդ քաղաքում: Զրուցեցինք նրանցից մեկի՝ Արսեն Վարդանյանի հետ: Նա իրավիճակը ներկայացրեց այսպես.

– «Կենտրոն» ՀԸ եթերում՝ Շուշան Պետրոսյանի հայտարարություններից հետո առաջացավ անհրաժեշտություն, որպեսզի վերջինս ներողություն խնդրի գյումրեցիներից: Որոշել էինք միայն ԱԺ Էթիկայի հանձնաժողով դիմել, բայց իմանալով, որ մարտի 13-ին Գյումրիում տեղի է ունենալու երգչուհու համերգը, մեր բողոքն ենք հայտնելու: Չնայած որպես պատգամավոր և երգչուհի հարգանք ենք տածում, սակայն «Հայկական ուրբաթ»-ի եթերում տեղի ունեցածն անընդունելի է: Եթե Գյումրիում մարդիկ գումար են վերցրել, և իրենք գիտեն այդ ամենի մասին ու չեն ներկայացրել դատարան, զարմանալի է: Մենք վերջին երեք ընտրություններին չենք քվեարկել իշխանությունների օգտին: Էստեղ խնդիրն այն է, որ գյումրեցիք նախընտրում են ամեն ինչ, բացի ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից:

– Բոյկոտի ձևերը որո՞նք են լինելու:

– Բոյկոտի ձևերի առումով հստակ պլանավորված բան չկա: Փորձել ենք հանդիպել համերգի կազմակերպիչների հետ. մենք հարգում ենք մյուս գյումրեցիների իրավունքը, ովքեր մտադիր են համերգը լսել: Մենք որևէ մեկին չենք խոչընդոտելու, պարզապես ասելիք կունենանք Շ. Պետրոսյանին: Արդեն տեղյակ եմ, որ մի քանի գյումրեցիներ պատռել են համերգի տոմսերը՝ հայտնելով իրենց դժգոհությունը:

– Լավ, ո՞րն է հիմնական նպատակը:

– Շուշան Պետրոսյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի գյումրեցիներից: Ուրիշ ելք չկա:

– Դատելով ակցիային նախապատրաստվող մարդկանց խոսքերից՝ հայտնի՞ է, թե ինչպես են դիմավորելու երգչուհուն:

– Հաշվի առնելով մյուս քաղաքացիների՝ համերգ լսելու իրավունքը, քանի որ մեր համաքաղաքացիները չարչարվել, տոմս են գնել, այդուամենայնիվ, պատրաստվում ենք դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին և ԱԺ նախագահին, որպեսզի կարգի հրավիրեն Շ. Պետրոսյանին: Պաստառներ հաստատ կլինեն՝ կոչերով հանդերձ: Մնացածի մասին առայժմ կոնկրետ չեմ կարող նշել, բայց միանշանակ է, որ լինելու է՝ սառը, կշռադատված վերաբերմունք, օճառներ ու «խիյարներ» էլ հնարավոր է նվիրենք, բայց դա հավանաբար կլինի այն դեպքում, երբ ամեն ինչ հասնի դրան, այսինքն պաշտոնական ոչ մի արձագանք չլինի, քանի որ մամուլից տեղեկացել ենք, որ երգչուհին ասել է՝ լավ էլ կայանալու է համերգը:

– Եթե ներողություն խնդրի, մնացած քայլերն ուժի մեջ կմնա՞ն, թե՝ ոչ:

– Ուժի մեջ են մնում: Գյումրեցին իր ինքնասիրության ու թասիբի տերն է և ուզում է ասել, որ՝ չէ, ախպեր, էստեղ «չեք խփելու»: Ստեղ խփելու եք, բայց՝ մենակ «ստոլբի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս