Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է հումանիտար շտաբ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն օրհասական է, արդեն մեկ ամսից ավելի է՝ այն հնարավոր չի լինում իրականացնել:

Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն՝ ընդգծելով, որ Կոռնիձորի սահմանային հատվածում օգոստոսի 30-ին բացվել է շտաբ, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման վայր:

«Կոռնիձորի սահմանային հատվածը, որտեղ գտնվում են բեռնատարները, պարբերաբար տեղի են ունենում այցելություններ միջազգային մեր գործընկերների, միջազգային լրատվամիջոցների կողմից, տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և սա կդառնա կայանման, ժամանման վայր, որտեղ մեր գործընկերները կարող են գալ»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռը, որն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, արդեն հասել է Կոռնիձորի սահմանային հատված: Նա ընդգծեց, որ ՌԴ խաղաղապահներն այդ մասին տեղյակ են:

Իսկ թե ինչ տեսակի հումանիտար օգնություն է ուղարկվել, կներկայացվի ավելի ուշ՝ ֆրանսիական պատվիրակության ասուլիսի ժամանակ:

«Հույս ունենք, որ միջազգային իրազեկվածության բարձրացումը, որի շրջանակում կարող ենք դիտարկել նաև, իհարկե, բարեկամ Ֆրանսիայից ուղարկված այս հումանիտար ուղեբեռի միացումը Կառավարության հումանիտար նախաձեռնությանը, նոր ազդակ, նոր շունչ կհաղորդի այս գործընթացին, և հնարավոր կլինի որևէ կերպ մեղմել ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև ընդգծեց՝ ԼՂ-ում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, այդ իսկ պատճառով աշխատանքները շարունակվում են, որպեսզի գոնե հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի վերաճելու հումանիտար աղետի, որևէ կերպ մեղմվի:

«Ինչպես նշել ենք՝ քայլերը շարունակական են, և դրանց միակ և հիմնական նպատակը հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օր առաջ հասցնելն է»,- եզրափակեց Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս