Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավես Ֆրիասի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Հարգելի պարոն Մադուրո,

Խոր ցավով տեղեկացա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ, Վենեսուելայի ժողովրդի մեծ առաջնորդ Ուգո Չավես Ֆրիասի անժամանակ մահվան մասին:

Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն, ազդեցիկ քաղաքական գործիչ, ով մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի յուրաքանչյուր բնակչի համար բարեկեցիկ ու արժանավայել կյանքի պայմաններ ապահովելու իր տեսլականին և անուրանալի դերակատարում ունեցավ ժամանակակից Վենեսուելայի զարգացման ու առաջընթացի գործում: Պարոն Ուգո Չավեսի անդառնալի կորուստը, հիրավի, մեծ վիշտ է ինչպես իր հարազատների, այնպես էլ Վենեսուելայի բարեկամ ժողովրդի համար:

Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ, պարոն Չավեսի հարազատներին և Վենեսուելայի ժողովրդին` մաղթելով հոգու տոկունություն և համերաշխություն»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս