Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի

Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի: Հավայիի նահանգապետը հայտնել է, որ հրդեհի զոհերին նույնականացնելու գործընթացը «շատ բարդ» կլինի և, հնարավոր է, տևի շաբաթներ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Մաուիի շրջանի իշխանությունները հայտնել են, որ 106 զոհերից առայժմ միայն 5-ի ինքնությունն է պարզվել:

Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում են, իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կավելանա. օգոստոսի 15-ի դրությամբ փրկարարները որոնումների հատվածի միայն շուրջ 30 %-ում էին ավարտել որոնողական աշխատանքները: Նրանք հույս ունեն մինչև առաջիկա շաբաթ և կիրակի ավարտել աշխատանքի մեծ մասը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է Հավայիում վերակառուցման աշխատանքների համար տրամադրել անհրաժեշտ օգնությունը: Նա նաև հայտարարել է, որ շուտով կայցելի Մաուի:

Մաուիի Լահայնա քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացել է: Կղզում ավերվել է շուրջ 2200 շինություն, որոնց 86 %-ը՝ բնակելի շինություններ: Մաուիի հրդեհը համարվում է վերջին 100 տարվա ընթացքում ամենամահաբերը:

Տեսանյութեր

Լրահոս