Բաժիններ՝

Հայաստանի բարձր տեխնոլոգիական լուծումները կներկայացվեն CeBIT ցուցահանդեսում

Մարտի 5-ից 9-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն «ՀայԹեք Արմենիա» բրենդը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող միջազգային ամենախոշոր թվային CeBIT ցուցահանդեսում: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից(ԻՏՁՄ):

Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ԻՏՁՄ-ն: Պատվիրակության կազմում են «Ինստիգեյթ», «Լոկատոր» և «Իքս-Թեք» ընկերությունները, ինչպես նաև Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան:

Ցուցահանդեսին «Ինստիգեյթ»-ը կներկայացնի իր մշակած ծրագրային հավելվածները՝ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար մուլտիթրեք մեդիա նվագարկիչը, ձեռնարկությունների զարգացման համար ծրագրային լուծումները և այլն: «Իքս-Թեք»-ը կներկայացնի իր Kinect ծրագրային հավելվածներն ու խաղերը, վեբկայքերի մշակման ծառայությունները, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի, ցանցերի և բջջային հեռախոսների ծրագրային հավելվածները, և իր վերջին՝ CityBugs.am նախագիծը: «Լոկատոր»-ը կներկայանա ավտոմեքենաների շարժին հետևելու, տվյալների փոխանցման, 3D մոդելավորման և այլ նախագծերով:

Հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT ամենամյա ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության «Ներմուծումների խթանման կենտրոն» (CBI) գործակալության աջակցությամբ:

CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և տեխնոլոգիական լուծումներ ներկայացնելու միջազգային հարթակ է:

Ամեն տարի CeBIT-ի հարկի տակ ներկայանում են ավելի քան 4 000 ընկերություններ 70 երկրներից, իսկ այցելուների թիվն անցնում է 310 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: Հայաստանյան ընկերությունները 2000 թ.-ից սկսած մի քանի անգամ մասնակցել են CeBIT ցուցահանդեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս