Արամ Սարգսյանը մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին (տեսանյութ)
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ բարոյական առումով ճիշտ և կոռեկտ չի լինի, եթե կուսակցությունը հայտարարի Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու մասին, թեև իբրև ՀՀ քաղաքացի՝ ինքն ակտիվորեն մասնակցում է «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
«Մենք ընտրություններին չենք մասնակցել և չենք տեսել դրանում իմաստ: Երկրորդ, ես անձամբ մասնակցել եմ ընտրություններին և քվեարկել եմ այլ թեկնածուի օգտին: Երրորդ, մեր կուսակցության համագումարում ասել եմ, որ այսուհետ ես դաշինքներ եմ կազմելու այն ուժերի հետ, ում հետ ունեմ քաղաքական ընդհանրություններ, իսկ իմ ու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե արտաքին քաղաքական, թե երկրի կառավարման հարցերում 180 աստիճանով տարբեր են»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ մինչև ընտրությունններն ինքն այլ տեսակետ էր հայտնել, սակայն ընտրությունների օրը ժողովրդի ցուցաբերած ակտիվությունը և ետնընտրական իրավիճակը ստիպել են փոխել իր տեսակետը: Նա հիշեց, որ մինչև ընտրությունները իր հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե անգամ Հիսուս Քրիստոսն էլ գա, այս ժողովուրդը կասկածելու է: «Ես սխալվեցի: Ես կյանքում մի անգամ չհավատացի այս ժողովրդին, որի համար ներողություն եմ խնդրում, բայց շատ ուրախ եմ, որ սխալվեցի: Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց և ժողովուրդն էլ իրեն հավատաց: Այսօր Րաֆֆի հովհաննիսյանը հարթակում է, և ինքն իրավունք ունի խոսք ասելու»,-նշեց Արամ Սարգսյանը:
168.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի ետընտրական քայլերը, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ չէր ցանկանա ազդել ընթացող քաղաքական պրոցեսների վրա, իսկ իր այս կամ այն գնահատականը կարող է բացասաբար ազդել գործընթացի վրա, ինչը ցանկալի չէ: «Ես ձեռնպահ կմնամ այդ առումով: Մարդը գործընթացի մեջ է, գործընթացը շարունակվում է, ես համարում եմ, որ ինքը քաղաքական փորձառություն ունեցող անձնավորություն է, ճիշտ ելքերը գիտի և եթե որևէ լուծում տեսնեմ, որ կբերի հաղթնակի, ես, բարեբախտաբար, ունեմ այդ հնարավորությունը, Րաֆֆի Հովհաննիսյանին կհանդիպեմ և իրեն կասեմ այդ մասին»,-ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը: