Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրատեսական ծրագրեր չի տեսնում: Հենց տեսնի՝ կմիանա նրան

Հասարակության մի hատվածի կարծիքով՝ ՀՀԿ-ի և պետության միջև սերտաճում է տեղի ունեցել, ինչը պետք է արգելել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը՝ ավելացնելով, որ անկախ դատական համակարգի բացակայության պարագայում այս հարցը չի լուծվում: Ըստ Ս. Դանիելյանի, սակայն, այդ հարցը կարող է լուծել ընդդիմությունը:  «Այն ուժը, որն այս հարցը լուծելուն միտված ճանապարհային քարտեզ կներկայացնի, կկարողանա մոբիլիզացնել հասարակությանը, կդառնա  ընդդիմության առաջնորդ: Հիմա հարցը հետևյալն է: Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանն իր առջև դրե՞լ է այս նպատակները: Ինձ համար, համենայնդեպս, հարցը միանշանակ դրական պատասխան ստանալ չի կարող: Եթե դու գնում ես բանակցությունների Սերժ Սարգսյանի, ապա՝ ԱԺ նախագահի հետ, հարցը դրական լուծում ստանալ չի կարող: Եթե լինի մի քանի զիջում, ապա կլինեն այլ զիջումներ ևս, ու խնդիրը կստանա դոմինոյի էֆեկտ, ու հարցը լուծում չի ստանա»,- մասնավորեցրել է նա:

Իսկ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների հետ՝ «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության, Ստեփան Դանիելյանը համարում է, որ դա  ռեսուրսների բացակայության հետևանք է, ինչը թույլ չի տալիս արդյունավետ դիմադրություն ցույց տալ պետական ապարատին, իշխանության լծակներին:

Այնուամենայնիվ, այս պահին Ս. Դանիելյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրատեսական ծրագրեր չի տեսնում, բայցև  վստահեցնում է, որ տեսնելուն պես կմիանա նրան:

Իսկ թե ո՞ր թեմայի շուրջ պետք է բանակցություններ ընթանան, Ստեփան Դանիելյանը նշել է. «Առաջարկությունները կարող են լինել հետևյալը՝ շրջաններով, քաղաքներով, գյուղերով կոմիտեներ պետք է ստեղծվեն, որոնք այլընտրանքային կլինեն իշխանությանը, բայց չպետք է լինի ստվերային կառավարության տեսքով»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս