Բաժիններ՝

Թուրքիան կարող է մինչև 2017 թվականն ընդգրկվել աշխարհի ամենահարուստ երկրների թվում. Ջևդեթ Յըլմազ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մինչև 2017 թվականն ընդգրկվել աշխարհի ամենահարուստ երկրների թվում.

«Ներկայումս Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում է 10.500 դոլար: Թուրքիայի նպատակը ՀՆԱ-ի մեծացումն է, որով մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կհասցվի մինչև 13.000 դոլարի: Դա կլինի կարևոր ցուցանիշ՝ աշխարհի ամենահարուստ երկրների թվում ընդգրկվելու համար:

Թուրքիան այդ ցուցանիշին կարող է հասնել արդեն 2015-2016 թվականներին: 10 տարվա ընթացքում Թուրքիայի տնտեսությունը 230 միլիարդ դոլարից աճել է մինչև 800 միլիարդ դոլարի»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական ծրագրում նշված էր, որ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) հասցվելու է  մինչև 25.076 դոլարի, ինչն արվելու է աստիճանաբար. 2015 թվականին` 14.000 դոլար, 2019 թվականին` 18.685 դոլար:

Ուշագրավ է, որ երբ ԱԶԿ-ն 2002 թվականին եկավ իշխանության գլուխ, Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող եկամտի չափը կազմում էր ընդամենը 2300 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս