Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքել ցանկացած պայմանով․ Դենիս Գոնչար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքել «ցանկացած պայմանով»։
ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը շեշտել է՝ Բաքվից և Երևանից եկող ազդակները շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի:
«Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։
Նա հավելել է, որ կարևորագույն խնդիրներից է «Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանումը»։
«Համապատասխան տրամաբանությունը կողմերը որոշել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի արդյունավետության փոխադարձ հաստատումից հետո: Պահանջվում է նաև համաձայնագրի իրականացմանը միջազգային աջակցության մեխանիզմ, որը կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը», – նշել է Գոնչարը՝ հավելելով, որ ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է կողմերին՝ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում։