Ադրբեջանն իր գործողություններով ուզում է ցույց տալ, որ ԿՄԽԿ գտնվելը Ստեփանակերտում համարում է անօրինական. Իրավապաշտպան
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արցախցի Վագիֆ Խաչատրյանի և Արամայիս Բեգլերյանի առևանգումը որակեց միջազգային հանցագործություն, որը պետք է ճանաչվի՝ որպես այդպիսին:
«Ադրբեջանը չի սահմանափակվելու այդ առևանգման դեպքերով, և որպես դրա «հիմնավորում»՝ Ադրբեջանը հնչեցնում է այն թեզը, թե՝ սա իմ տարածքն է, ես կարող եմ իրենց ձերբակալել, դատել: Իսկ այդպիսի հայտարարությունները հիմնված են այն բանավոր հայտարարությունների վրա, որոնք արել է ՀՀ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը՝ մանրամասնելով,- Սա շատ մեծ հարված է միջազգային իրավունքին, և, իհարկե, եթե դա զուտ Ադրբեջանի մեկնաբանությունը լիներ, մենք կարող էինք ասել, թե անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը բևեռել դրա վրա, բայց մենք գիտենք, որ հենց միջազգային հանրությունը հաճախ մանր վաճառականի նման մեզ ուզում է համոզել, որ մի անձի բանավոր հայտարարությունը կարող է հիմք հանդիսանալ նման հայտարարություններ անելու համար:
Ես չեմ զարմանա, եթե իրավաբանների որևէ հմուտ խումբ դատի տա եվրոպական այդ գործիչներին, քանի որ դա ուղղակի եվրոպական իրավունքի և միջազգային իրավունքի ոտնահարում է»:
Լարիսա Ալավերդյանը լավատես չէ և առևանգված հայերին արագ վերադարձնելու ակնկալիքներ չունի, հակառակը՝ չի բացառում, որ Ադրբեջանն օգտվելու է միջազգային հանրության առկա դիրքորոշումից, միջազգային կառույցների լռությունից՝ շարունակելով նույն գործելաոճը:
«Այնպես չէ, թե Ադրբեջանը ցանկանում է առևանգել, իր պնդմամբ, նրանց, որոնք մասնակցել են առաջին ազատագրական պատերազմին. դրա հեռահար նպատակը բոլորին սարսափեցնելն է և ցույց տալը, թե ինչ է սպասում Արցախում, Հայաստանում և աշխարհում ապրող բոլոր հայերին:
Հիմքերից զուրկ են հայտարարությունները, թե նրանք ունեն տվյալներ, հավաքագրել են: Հնարավոր է՝ ինչ-ինչ ձևով ձեռք են բերել ցուցակներ, որոնք կան ինչ-ինչ գրքերում, լրատվականներում, կամ ՊՆ-ում, բայց թողնում եմ մի կողմ հարցը, թե ինչպես կարող են այդ ցուցակները լինել Ադրբեջանի ձեռքում, և պնդում եմ, որ առանց այդպիսի ցուցակների և որևէ ցուցակների՝ Ադրբեջանը սկսել ու շարունակելու է հայաորսը:
Եվ կարծում եմ՝ բոլորիս համար հայտնի, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից անպատասխանատու հայտարարությունները ոչ միայն դատապարտելի են, այլև պարունակում են ծանր հանցագործությունների հատկանիշներ»,- հավելեց նա:
Հարցին՝ արդյո՞ք Վագիֆ Խաչատրյանի դրվագում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վրա հարձակումը կարող է որակվել ահաբեկչական ակտ՝ ընդդեմ միջազգային կառույցի, իրավապաշտպանը պատասխանեց. «Իհարկե կարող ենք, բայց նաև պետք է հիշեցնեմ, թե ինչպես է ԿԽՄԿ պատվիրակությունը հայտնվել Ստեփանակերտում:
Հարցն այն է, որ ԿՄԽԿ նախաձեռնած և շատ պետությունների կողմից ստորագրված փաստաթղթերը միայն Ժնևյան կոնվենցիաները չեն, որոնք ընդունվել են 1949 թ.-ին, այլև երկու արձանագրությունները: Եվ շատ կարևոր է, որ այդ արձանագրություններում, օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիտվել է կամ՝ որպես տարածք և ժողովուրդ, որոնք պայքարում են իրենց ինքնորոշման իրավունքի համար, կամ՝ հենց ազգային-ազատագրական պայքար:
Այսինքն՝ քանի որ Արցախի Հանրապետությունը կայացման օրից միացել է Ժնևյան կոնվենցիաներին, արձանագրություններին, ԿՄԽԿ-ն ունի հարուստ պրակտիկա հայտնվել այն վայրերում, որոնք չճանաչված միավորներ են: Եվ սա է խնդիրը, որ այսօր Ադրբեջանը, օգտվելով հայտարարություններից, միջազգային հանրության լկտի խրախճանքից, ուզում է ասել, որ այդ տարածքներում ԿՄԽԿ լինել-չլինելն Ադրբեջանի լուծելիք հարցն է: Եվ չի բացառվում, որ այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կբերեն ԿՄԽԿ-ի՝ Ստեփանակերտից դուրս գալուն:
Ես համոզված եմ, որ այդ քայլերը տանում են դրան. այսինքն՝ դա ոչ թե զուտ հարձակում է ԿՄԽԿ վրա, այլ Ադրբեջանն իր գործողություններով ուզում է ցույց տալ, որ ԿՄԽԿ գտնվելը Ստեփանակերտում համարում է անօրինական»: