ԲԴԽ նախագահի ընկեր, գործընկեր Գրիգոր Մինասյանը համարում է՝ ավելի ժողովրդավար Հայաստան չենք ունեցել

Այսօր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բաղրամյան պողոտայում զրուցում էր Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների ծնողների հետ։ 168.am-ի լրագրողը մոտեցավ նրան ու փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ։

Նախարարը, սակայն, առանձնապես հակված չէր խոսելու, սակայն այնուամենայնիվ, անդրադառնալով հանրային-քաղաքական շրջանակների մտահոգությանը, որ Սահմանադրությունն այսօր ոտնահարվում է, ասաց՝ բնականաբար անհամաձայն է, ավելի ժողովրդավար Հայաստան մենք երբևէ չենք ունեցել:

Դիտարկմանը, թե ժողովրդավար Հայաստանում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դռնբաց նիստերին լրագրողներին են զրկում մասնակցելուց, Գրիգոր Մինասյանն ասաց՝ «այդ մասով անդրադարձ կատարվել է, և, բնականաբար, ամեն ինչն օրենքի սահմաններում է եղել»:

«Եվ դրա վառ ապացույցն է, որ հարգարժան դատավորները դիմել էին ՄԻԵԴ ինչ-որ տարօրինակ հայցով, որը նույնպես մերժվել է»,- ասաց արդարադատության նախարարը:

Կարդացեք նաև

Այլ հարցերի Գրիգոր Մինասյանը չցանկացավ պատասխանել:

«Կարող եմ ձեզ, «168 ժամին» հրավիրել: Գիտեմ՝ շատ անդրադառնում են մանրամասն, նաև կեղծ օգտատերերի նյութեր են դնում»,- հավանաբար իր ու Կարեն Անդրեասյանի համատեղ ժամանցի մասին մեր հրապարակած տեսանյութը նկատի ունենալով՝ ասաց արդարադատության նախարարը՝ խորհուրդ տալով մեզ ճշտել տեղեկատվության աղբյուրը՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով, որ տեսանյութում հենց ինքն ու Կարեն Անդրեասյանն էին:

Տեսանյութեր

Լրահոս