Համաշխարհային բանկը Թուրքիային կտրամադրի 1 մլրդ դոլար վարկ
Համաշխարհային բանկը հայտնում է, որ Թուրքիային կտրամադրի 1 մլրդ դոլար վարկ «Երկրաշարժի գոտում բարեկարգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի առողջապահական ծառայություններին, վնասված կամ ոչնչացված քաղաքային ենթակառուցվածքների վերականգնմանը։
ՀԲ-ի հայտարարության մեջ նշվում է, որ վերականգնման աշխտանաքների համար կպահանջվի մի քանի տարի:
Թուրքիայում ՀԲ-ի գրասենյակի տնօրեն Ումբերտո Լոպեսը հայտարարել է, որ վերոնշյալ ծրագիրը կընդգրկի երկրաշարժից ամենաշատ տուժած 11 շրջանները, որտեղ ապրում է մոտավորապես 14մլն մարդ։
Լոպեսի խոսքերով՝ իրենք Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մինչ օրս Թուրքիայի կողքին են և կիսում են իրենց փորձը բնական աղետի ռիսկերի կառավարման և վերակառուցման գործում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում (պատմ.՝ Մարաշ) տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, և Համաշխարհային բանկը պարբերաբար օգնություն է տրամադրում աղետի գոտու համար։