Սունակը հայտարարել է «Վագներ» ՄՌԸ-ի անդամների միջազգային հետապնդման հասնելու պլանների մասին
Մեծ Բրիտանիան իր արևմտյան դաշնակիցների հետ միասին ձգտելու է պատասխանատվության ենթարկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներին Ուկրաինայում և Աֆրիկայում կատարած ենթադրյալ իրավախախտումների համար։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
«Մենք մշտապես դատապարտում ենք «Վագներ» խմբին: Մենք ուշադիր հետևում ենք նրանց գործողություններին Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում: Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել «Վագներ» խմբի ու նրա առաջնորդի նկատմամբ: Մենք նաև աջակցում ենք միջազգային մեխանիզմներին, որոնք (խմբ․՝ ուղղված են) պատասխանատվության ենթարկելու «Վագներ» խմբի վարձկաններին միջազգային իրավունքը խախտելու համար: Մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի կողմից նման պրոքսիների չարամիտ օգտագործումը զսպելու համար», – ասել է նա: