Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Միցոտակիսի կուսակցությունը
«Նոր ժողովրդավարություն» աջ կենտրոնամետ կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հունիսի 25-ին կայացած կրկնական խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 40,56 %-ը՝ քվեաթերթիկների 98,0 %-ի հաշվարկից հետո։ Այս մասին տեղեկանում ենք POLITICO պարբերականից։
Այս արդյունքներով «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը կարող է ստանալ 158 տեղ երկրի 300-տեղանոց միապալատ խորհրդարանում, վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ և ինքնուրույն կազմել կառավարություն։
Մայիսի 21-ին կայացած ընտրություններում ևս հաղթել էր Միցոտակիսի կուսակցությունը՝ ստանալով 40,7 % ձայն, սակայն դա բավարար չէր եղել միայնակ կառավարություն ձևավորվելու համար, իսկ կուսակցությունները համաձայնության չէին հասել կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ: Ժամանակավոր վարչապետ էր նշանակվել Հաշվիչ պալատի ղեկավար Իոանիս Սարմասը:
Միցոտակիսը հունիսի 26-ին նախագահական պալատում երդում կտա որպես երկրի նոր վարչապետ, որից հետո նույն օրը կհրապարակվի կառավարության կազմը։
Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի Արմատական ձախ ուժերի կոալիցիա – Առաջադիմական դաշինքը (ՍԻՐԻԶԱ – ԱԴ), ստացել է ձայների 17,83%-ը (48 մանդատ խորհրդարանում):