Ինչո՞վ է պայմանավորված նախկին նախագահների գործերի վերաբերյալ դատախազների փոփոխությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կասկածելի չի համարում ՀՀ նախկին նախագահների քրեական գործերով դատախազների՝ իրենց դիմումի համաձայն հեռանալը։
«Ինձ համար՝ ոչ, իհարկե, ճիշտ կլինի, եթե Դատախազությունը մեկնաբանի, իրենց ոլորտին վերաբերող հարցեր են, բայց առանձնացվում են կոնկրետ այդ դատախազները։ Ընդհանուր համակարգում բարեփոխումներ են իրականացվում, և նորմալ է, որ կլինեն մարդիկ, որոնք, այսպես ասած, նոր մեթոդաբանությանը չեն հարմարվի ու դուրս կգան։ Նույնիսկ իմ պարագայում, երբ Արդարադատության նախարարի տեղակալ էի, հետո՝ նախարար, բազմաթիվ փոփոխություններ եղան, և դա նորմալ է։ Երբ ուզում ես քո նշած նշաձողին հասնես և քո ռազմավարական նպատակներին հասնես, քո թիմի հետ կապված դու ես որոշումներ կայացնում։ Ով քո գործելաոճին չի հարմարվում, հանգիստ կարող է գնալ այլ աշխատանքի»,- Կառավարութան նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգոր Մինասյանը։
Հարցին՝ նախկին նախագահներին իրենց իշխանության օրոք վերագրվում էին բազմաթիվ մեղքեր, սակայն նրանք այսօր ազատության մեջ են, ինչպե՞ս այդ ամենը կմեկնաբանի, Գրիգոր Մինասյանը պատասխանեց.
«Ես համարում եմ, որ մեր երկրում, անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն։ Մեծ ու ծավալուն գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում։ Ինչն է լավ, որ իրավապահ համակարգը գնալով էլ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և էլ ավելի դժվար է լինում այդ սողանցքներով խուսափել պատասխանատվությունից։
Ես մի քանի անգամ ասել եմ, բայց դուք ինձ դրդում եք, որպեսզի միջամտեմ ընթացիկ քրեական գործերին, ինչն անթույլատրելի է՝ որպես գործադիրի անդամ, դրա համար չեմ պատասխանում այն հարցերին, որոնք վերաբերում են իրավապահների տիրույթին»,- հավելեց Գրիգոր Մինասյանը։
Այդուհանդերձ Գրիգոր Մինասյանն ասաց, որ քաղաքական գնահատականն ու վստահեցումը հետևյալն է՝ ոչ մեկը, անկախ նրանից, որ նախորդ իշխանության մաս է կազմել, անկախ կուսակցական պատկանելությունից, կամ ում ընկերն է և այլն, եթե խախտել է օրենքը՝ պատասխանատվություն է կրելու։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում