Նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել. Պարզվեց՝ Ադրբեջանն առաջարկում է ավելացնել Տավուշի անկլավների վերադարձի մասին կետ. Փաշինյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 8-ի լույսի 9-ի առավոտյան է ստորագրել եռակողմ հայտարարության տեքստը:

«Ուշադրություն դարձրեք` ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Բայց պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում: Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է՝ այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ։ Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ստացվել` այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ՝ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։

Ի վերջո, բարդ, տևական քննակումներից հետո ստորագրեցի ձեզ հայտնի փաստաթուղթը, որը, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում»,- մանրամասնել է նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս