ՆԳ նախարարին գրավոր պահանջ ենք ներկայացրել. չբավարարելու դեպքում գործադուլ ենք անելու. Արա Զոհրաբյան
Այսօր մի խումբ փաստաբաններ Ներքին գործերի նախարարության շենքի առջև հերթական բողոքի ակցիայով պահանջեցին անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները:
Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ գրավոր պահանջ են ներկայացնում ՀՀ ներքին գործերի նախարարին: Պահանջին երկու օրվա մեջ միացել է 878 փաստաբան:
«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը, ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,
1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը:
2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները:
3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,- փաստաբանների պահանջն ընթերցեց Արա Զոհրաբյանը՝ արձանագրելով, որ 4 ամսվա ընթացքում փաստաբանների հանդեպ բռնության երկրորդ դեպքն է արձանագրվել:
Այս պահանջները չկատարելու դեպքում՝ փաստաբանը չբացառեց մեկօրյա գործադուլով իրենց խնդրի մասին բարձրաձայնելու որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում