2023թ. Ադրբեջանից դեպի Թուրքիա գազամատակարարումը կհասնի շուրջ 9 մլրդ խմ-ի
Թուրքիայում էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2018-ից ի վեր տրանսանատոլիական գազատարով (TANAP) իրականացված մատակարարումների տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ վերոհիշյալ գազատարով ընդհանուր առմամբ մատակարարվել է 46 մլրդ խմ գազ, որից 22-ը՝ Թուրքիա, 24-ը՝ Եվրոպա: Միայն անցած տարի Ադրբեջանից Թուրքիա գազամատակարարման ծավալը կազմել է 9 մլրդ խմ:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մեմեդովը ընթացիկ տարվա մատակարարումների մասին խոսելիս, նշել է, որ այն դեպի Թուրքիա կազմելու է շուրջ 10.2, իսկ դեպի Եվրոպա՝ 12 մլրդ խմ։
Բացի այդ, դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների պետական նավթային ընկերությունները, ինչպիսիք են թուրքական TPAO-ն, BOTAŞ-ը և ադրբեջանական SOCAR-ը համատեղ գործութնեություն են ծավալում բնական գազի, նավթի և նավթամթերքի ոլորտում:
Իսկ Թուրքիայում բնական ռեսուրսների ոլորտում SOCAR-ի կատարած ներդրումները հասնում են մինչև 20 մլրդ դոլար:
Նշենք, որ, Տրանսանատոլիական գազատարը շահագործման էր հանձնվել 2018 թ-ի հունիսի 12-ին: