Բաժիններ՝

Մեր պարզաբանմանը պարեկներն ուշադրություն չդարձրին՝ բարձրացնելով իրենց ձայնը, նրանցից մեկը սկսեց խոսել «արա»-ով. քաղաքացիներն ահազանգում են

2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։

«Նպատակը՝ բարեվարք, պրոֆեսիոնալ, հայ հասարակությանը համապատասխան ծառայություններ մատուցող համայնքամետ ոստիկանության ստեղծումն էր»,- համենայն դեպս, այդպես էր նշվում պաշտոնական գրագրություններում:

168.am-ը պարեկների «բարեվարքության ու պրոֆեսիոնալիզմի» մասին հերթական ահազանգն է ստացել:

«Մեքենան կայանված էր Պուշկինի 3ա հասցեում, ու որպեսզի կայանման հնարավորություն տար մեկ այլ վարորդի, մի փոքր առաջ է շարժվել: Այս ընթացքում մոտեցան պարեկները՝ հորդորելով չկանգնել հետիոտնային անցման վրա:

Կարդացեք նաև

Մեր պարզաբանմանը, որ այս անցումը, որը, ի դեպ, նույնիսկ նկատելի էլ չէ,  քաղաքապետարանի որոշմամբ անօրինական է համարվել, պարեկները ուշադրություն չդարձրին՝ բարձրացնելով իրենց ձայնը:

Երկրորդ գումարտակի երկրորդ վաշտի պարեկներից մեկը նույնիսկ անցնելով «բարեվարքության» կանոնը՝ սկսեց խոսել «արա»-ով»,- պատմում էին մեզ ահազանգած քաղաքացիները՝ հավելելով, որ այդ հատվածում նույնիսկ չկա հետիոտնային անցման մասին ցուցանակը:

Ինչպես նշում են վարորդները՝ պարեկներին իրենց հակաճառումն «արժեցել է» 25.000 դրամ:

«10:20-ին արձանագրում են, որ մեքենան կանգնած է անօրինական հետիոտնային անցման վրա, իսկ 10:30, այսինքն՝ 10 րոպե անց, նույն վարորդի վրա արձանագրություն են կազմում ամրագոտի չգցելու համար. այսինքն՝ չշարժվող մեքենայի վարորդին տուգանում են նաև ամրագոտի չգցելու համար»,- տեղեկացրեցին նրանք` նկատելով, որ արձանագրությունը կազմելիս չեն նշել կոնկրետ հասցե՝ բավարարվելով «Պուշկին փողոց» բառակապակցությամբ:

Հ.Գ. Քաղաքացիները նաև տրամադրել են պարեկների լուսանկարները և ճանապարհահատվածի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ տեղադրված չէ հետիոտնային անցման մասին համապատասխան ցուցանակ:

Տեսանյութեր

Լրահոս