Ֆիկտիվ բնույթի տեխհսկողություն մեզ պետք չէ. Տիգրան Ավինյան
«Բազմիցս կատարված աշխատանքների վերաբերյալ կան բողոքներ, որ այն բավարար որակով չի իրականացվում, և այստեղ ունենք տեխհսկողության ինստիտուտը, որը պետք է սկսի աշխատել»,- Քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ միգուցե ուսումնասիրեն Կառավարության փորձը, տեխհսկողության լոտերն ավելի մեծ դարձնեն, համապատասխան հնարավորություն տան ավելի խոշոր խաղացողներին մասնակցել տեխհսկողությանը:
«Տեխհսկողությունը ֆիկտիվ բնույթ չպետք է կրի: Եթե ֆիկտիվ բնույթ է կրում, ավելի լավ է՝ չունենանք, իմանանք՝ մենք ենք ինչ-որ մի ստորաբաժանում հատկացնում, որի վրա դնում ենք հսկողության պատասխանատվություն: Բայց ֆիկտիվ բնույթի տեխհսկողություն մեզ այլևս պետք չէ: Պետք է գտնել բովանդակային ձև՝ տեխհսկողությունը դարձնել իրական գործիք, որպեսզի հետևենք որակին»,- ընդգծեց փոխքաղաքապետը: