«Մենք դեպք ենք ունեցել, որ Ազգային ժողովից դեպք է եղել, ուզել ենք արյան նմուշ վերցնել, չեն տվել». Արգիշտի Քյարամյանը՝ Արփի Դավոյանին

Այսօր բյուջեի կատարողականի քննարկման նպատակով Ազգային ժողով (ԱԺ) եկած Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հարց ուղղեց նաև երեկ տարածված այն լուրի վերաբերյալ, թե ՔԿ Արաբկիրի բաժնի 4 քննիչներ իրացրել են իրեղեն ապացույց թմրամիջոցները:

«Շատ մտահոգիչ է, պարո՛ն Քյարամյան, այս հաղորդագրությունը: Այս երևույթը չափազանց մտահոգիչ է, որովհետև մենք խոսում ենք քննիչների ծանրաբեռնվածության մասին, քրեական վարույթների քանակների մասին, Դուք նշում եք, թե յուրաքանչյուր քննիչ իր վարույթում որքան գործ ունի, ու որքան դա դժվար է, մենք քննիչների աշխատավարձերն ենք բարձրացնում, ամեն ինչ անում ենք, որ այս մարմինները լավ աշխատեն, բայց ականատես ենք լինում խայտառակ պատմության»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Արփի Դավոյանի խոսքով՝ ինքը գուցե սուբյեկտիվ կարծիք է հայտնում, բայց հնարավոր է՝ նման դեպքեր էլի կան:

«Որովհետև ինչպե՞ս բացահայտվեց սա, ինչ-որ գործողություններ են եղել, չէ՞: Եվ եթե գործողություններ են եղել, դրանք մեկանգամյա չեն եղել: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Այսինքն՝ իմ կարծիքով՝ կան նման արատավոր բարքեր, և ես կարծում եմ, որ պետք է մտածենք նաև քննիչների բարեվարքության հարցի մասին: Բազմաթիվ հարցեր են առաջանում, և ես որևէ այլ որակում չունեմ, քան ասել, որ սա խայտառակություն է»,- ասաց Արփի Դավոյանը:

Կարդացեք նաև

Արգիշտի Քյարամյանն արձագանքելով՝ խնդրեց որակումներից զերծ մնալ, որովհետև ըստ էության թմրանյութերի օգտագործում կամ չօգտագործումը մարդու անձնական տիրույթում գտնվող հարց է, և ցանկացած գերատեսչությունում էլ կարող են այդպիսի բաներ պատահել:

«Օրինակ, մենք դեպք ենք ունեցել, որ Ազգային ժողովից դեպք է եղել, ուզեցել ենք արյան նմուշ վերցնել, չեն տվել: Այնպես որ, կարծում եմ, որ այդպիսի որակումները վաղաժամ են»,- ասաց Արգիշտի Քյարամյանը՝ հավելելով, որ դեպքից ՔԿ բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է եղել, և իրենք ԱԱԾ իրենց գործընկերների հետ միասին համատեղ են աշխատել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս