Բաժիններ՝

Մշակութային կառույցները համերգներով, շնորհանդեսներով ու հյուրախաղերով կնշեն Արամ Խաչատրյանի հոբելյանը

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ մի շարք մշակութային կառույցներ հանդես կգան բազմաժանր միջոցառումներով: Սպասվում են համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, նոր հրատարակություններ:

Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը հիշեցրեց, որ 2023-ի փետրվարին նվագախումբը հյուրախաղերով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մեկնարկելով Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները. լավագույն համերգասրահներում հանդես են եկել տասը համերգով՝ ներկայացնելով Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը:

Նվագախմբի հետ հանդես է եկել բրիտանացի ջութակահար Ջենիֆեր Փայքը, որը նաև Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ելույթ է ունենալու Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման համերգին:

«Այցելությունը կազմակերպել էր IMG Artists ընկերությունը, և մենք Միացյալ Թագավորությունում Խաչատրյանի այլ գործեր ներկայացնելու առաջարկներ ենք ստացել: Շուտով կլինի Լոնդոնում տեղի ունեցած համերգի տեսագրության պրեմիերան, որը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերությամբ: Ծրագրում ենք այն ցուցադրել նաև Mezzo TV-ով: Արդեն թողարկել ենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների լավագույն մեղեդիներից ռինգթոններ, ինչը նրա արվեստը ճանաչելի դարձնելու կարևոր գործոններից է, թողարկելու ենք Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտ»-ը հայտնի մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկու հետ համագործակցությամբ, ինչպես նաև կոմպոզիտորի օրորոցայինների ալբոմը, որը նվեր է փոքրիկներին»,-տեղեկացրեց Բալբաբյանը:

Նա կարևորեց նաև Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպումը, որի բոլոր համերգներին հնչելու են միայն Խաչատրյանի ստեղծագործությունները: Հանդես են գալու ջութակահարուհի Ստելա Չենը, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը և այլք: Նվագախումբը նորովի է մատուցելու «Խաչատրյանը և ջազը» սիրված ծրագիրը, ինչպես նաև կոմպոզիտորի կինոերաժշտությունը, որը կարևոր տեղ ունի նրա ստեղծագործական ժառանգության մեջ:

Mezzo TV-ն թողարկելու է Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմ, որի նկարահանումներն օրեր առաջ են տեղի ունեցել Հայաստանում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն և «Խաչատրյան տրիո»-ի դաշնակահար Արմինե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ ճանաչված ARTE ֆրանսիական և ռուսական Культура հեռուստաալիքներն արդեն ֆիլմեր են նկարահանել Խաչատրյանի մասին: Նյութերը տրամադրել է տուն-թանգարանը:

«Պատրաստում ենք միջազգային գիտաժողով: Կարևորելով ոչ միայն հայալեզու, այլև օտար լեզվով Խաչատրյանի մասին պատմող գրականության լույս ընծայումը՝ հովանավորների աջակցությամբ հրատարակել ենք Խաչատրյանի նամականին՝ անգլերեն: Աշխատում ենք նաև պատկերազարդ գրքի ուղղությամբ»,-ասաց Գրիգորյանը:

Խոսելով համերգային ծրագրերի մասին՝ նա նշեց, որ տարվա սկզբից համերգներ են կազմակերպվել թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս նաև «Խաչատրյան տրիո»-ի մասնակցությամբ: «Երեկ եմ վերադարձել Ռուսաստանի տարբեր քաղաքներում մեծ շրջագայությունից, որտեղ մասնակցել ենք Խաչատրյանին նվիրված փառատոնների ու համերգների: Սվետլովսկի ֆիլհարմոնիայի փառատոնը շքեղ էր, որտեղ հինգ երեկոյի ընթացքում միայն Խաչատրյան էր հնչում, և փառատոնը կրում էր «Անհայտ և հայտնի Խաչատրյան» խորագիրը: Մեր կարևոր առաքելություններից է հնչեցնել կոմպոզիտորի ոչ միայն ճանաչված, այլև այն գործերը, որոնք քիչ են հնչում: Երեք երեկո նվիրված էր նրա կամերային ժառանգությանը, որը արժեքավոր է ու հետաքրքիր»,-շեշտեց Արմինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում ու մեծ արձագանք են գտել:

Համերգներ են կազմակերպվել նաև Չելյաբինսկի, Պերմի ֆիլհարմոնիաներում և այլուր, իսկ Պերմում, որտեղ Խաչատրյանը գրել է «Գայանե» բալետը, քաղաքի ամենահին ու կենտրոնական երաժշտական դպրոցը անվանակոչվել է Խաչատրյանի անունով:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանն էլ ասաց, որ հիմնականում Արամ Խաչատրյանի կամերային գործերն են կատարելու: Հունիսի 14-ին կհնչի կոմպոզիտորի «Դաշնամուրային կոնցերտ»-ը դաշնակահար Հայկ Մելիքյանի մատուցմամբ, իսկ հունիսի 29-ին կլինի համերգ՝ նվիրված Խաչատրյանի գործերի փոխադրումներին՝ կամերային երգչախմբի համար. մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կլինեն փոխադրումների պրեմիերաները, որ անվանել են «Խաչատրյան ֆանտազիա»: Ծրագրել են Կամերային նվագախմբի մասնակցությամբ հյուրախաղեր:

«Հոկտեմբերին մեկնելու ենք Գերմանիա, որի Շտուտգարդ քաղաքում ներկայացնելու ենք Խաչատրյանի գործերը: Կլինեն նաև մարզային համերգներ՝մեկնելու ենք Վանաձոր, Սպիտակ, Գյումրի: Աշխատանքներ ենք տանում Թբիլիսիում հանդես գալու ուղղությամբ»,-տեղեկացրեց Գարեգին Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս