«Դա մեր մակուլատուրան է». Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արձագանքը՝ թանգարանի արխիվն այրելու վերաբերյալ տեսանյութին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որտեղ արձանագրված էին   արկղի մեջ անփույթ նետված՝  Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր, լուսանկարները և մոտ մեկ մետր հեռավորության վրա գտնվող մետաղյա տարա՝ մոխրով լցված։ Տեսագրության հեղինակը կադրում պատմում էր, որ ականատես է եղել, թե ինչպես էին այրում փաստաթղթերը։

«Պատահաբար անցնելիս ականատես եղա մի զազրելի տեսարանի։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բակում հրի է մատնվում՝ ինչպես Օսմանյան կայսրությունում է եղել, այդ կանանց և աշխատակից տղամարդկանց կողմից, որոնք անհետացան մեր տեսադաշտից, նրանց շուտով կհայտնաբերենք։ Հրի են մատնվում այսպիսի փաստեր։ (կադրում տեսանյութի հեղինակը ցուցադրում էր Ցեղասպանության զոհերի լուսանկարներ, փաստաթղթեր.- Զ.Խ.)։ Այստեղ նաև Կոմիտասի լուսանկարն էր, մի տղամարդ փրկեց այնտեղից։ Այստեղ  հայերի ձեռամբ խաչ է քաշվում հայերի պատմության վրա։ Իմ հարցին, թե ում հրահանգով է վերացվում այս ամենը, պատասխանեցին՝ տնօրինության։ Հուսամ, այս ամենը կունենա ոչ միայն քաղաքական և իրավական շարունակություն, թե ո՞ւմ է պետք»,- կադրից դուրս ասաց տեսանյութի հեղինակը։

Այնուհետև նա մոտենում է  այդ տարածքում գտնվող կանանցից մեկին ու հարցնում, թե ով է  հրահանգել, որպեսզի այրեն փաստաթղթերը, կինը խուսափում է տեսախցիկից և հեռանում։

«Իմ միջամտությամբ այս ամենը կանխվեց, բայց ես վստահ եմ՝ իմ հեռանալուց հետո նրանք շարունակելու են իրենց սև գործը»,- շարունակեց Ֆեյսբուքում պատկերը հեռարձակած օգտատերը։

Ապա  վերցրեց թղթերից մեկը, որը վերնագրված էր՝ «Կոստանդնուպոլիսի ռազմական արտակարգ դատարանի դատավճիռը երիտթուրքերի ղեկավար գործիչների նկատմամբ», այդ թղթի վրա արձանագրված էր նաև  հայերի նկատմամբ կատարած երիտթուրքերի կատարած ոճրագործության մասին տեղեկատվությունը։

«Սա հավանաբար շարունակությունն է այն բանի, որ երկրի վարչապետը հայտարարում է, որ Նեմեսիսի արձանի տեղադրումը սխալ էր օրինակ, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորել, և դա պետք է անել Ցեղասպանությունն ուրանալու գնով։

Ես հրավիրում եմ քաղաքային իշխանությունների ուշադրությունը, եթե նրանց կազմակերպմամբ ու ձեռամբ չի այս ամենն արվում։

Աստված գիտի, ինչ են արդեն այրել ու վերացրել»,- հավելեց օգտատերը։

Նա ևս մեկ անգամ մոտեցավ աշխատակիցներից մեկին՝ խնդրելով ասել, թե ո՞վ է նման հրաման տվել, աշխատակիցն ասաց, որ փոխտնօրենն է ասել, անունը Սմբատ է, ասել է, որ այրեն։

«Դուք ցեղասպանության զոհ գնացած նախնիներ չունեք»,- խոսքն ուղղելով աշխատակցին՝ հարցրեց օգտատերը, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ չի իմացել, որ դրանք լուսանկարներ են, մտածել է, որ հասարակ թերթեր են։

«Մենք արխիվներ ենք վառել, չենք իմացել, վառել ենք»,- նշեց աշխատակիցը։

168.am հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակության հետ կապերի պատասխանատու Սերինե Մուրադյանն անդրադառնալով աղմկահարույց տեսանյութին՝ ասաց, որ դա թանգարանի մակուլատուրան է։

«Դրանք 90-ականներին ցուցադրությունների ժամանակ, որ ինչ-որ բաներ են պատրաստել և այլն, մի քիչ հաստ ստվարաթղթի վրա տպածներ են, դա մեր մակուլատուրան է։ Մենք ժամանակի ընթացքում, երբ մակուլատուրան հավաքվում է՝ հանձնում ենք, բայց այդ մի քիչ հաստերը չեն էլ ընդունում,  ու որոշել ենք վերացնել այրելու միջոցով։

Մեր թանգարանը բացվել է 1995 թվականին, եթե այնտեղ տեսնեք օսմանատառ գրություն, դա Արամ Անտոնյանի գրքից են՝ Թալեաթի հեռագրերն են այս կամ այն վիլայեթ ուղարկված, այսինքն՝ դրանք արված են գրքերից։ Դրանք վերցված են գրքերից, այո, դրանց օրիգինալները մեզ մոտ են։ Դրանք ցուցադրության, այսպես ասած, սևագրերի, սևագրերի սևագրերը կլինեն:

Զարմանալի է, որ այդ մեկնաբանությամբ տեսանյութ է տարածվել, այսինքն՝ իր ասելով այդքան հեշտ է հանել ու այդ տարածքում փաստաթղթեր այրե՞լ՝ աբսուրդ է։

Մեզ մոտ աշխատակիցներ կան, որոնք աշխատում են թանգարանի բացման օրվանից, այսինքն՝ այդ մարդիկ այդպես պե՞տք է նստեին ու տեսնեին, թե ինչպե՞ս են արխիվն այրում»,- եզրափակեց Սերինե Մուրադյանը։

Տեսանյութեր

Լրահոս