«Հայկական ժամանակն» ազդարարեց՝ ԶՊՄԿ պահնորդին սպանած մարդասպան դիվերսանտն ու նրա հանցակիցը կհանձնվեն Ադրբեջանին

Այս տարվա ապրիլի 12-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել էր հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: 

Եվ մինչ Քննչական կոմիտեն փորձում էր ինքնամոռաց կերպով հերքել Հայաստան ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտներից մեկի կողմից այդ սպանության կատարված լինելու հանգամանքը, 168.am-ը հենց ադրբեջանցու կողմից ԶՊՄԿ պահնորդին սպանելու մասին փաստեր հրապարակեց:

Մի քանի օր լռելուց հետո՝ ապրիլի 19-ին, վերջապես հաղորդագրություն տարածեց նաև Գլխավոր դատախազությունը: Ըստ դրա՝ ««Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»:

Կարդացեք նաև

Հարուցվել էր քրեական վարույթ մի քանի ծանր հոդվածներով, այդ թվում՝ սպանության, ընթանում էր նախաքննություն:

168.amը դեռևս ապրիլի 22-ին ողջամիտ կասկած էր հայտնել, որ այս երկու դիվերսանտները, ի վերջո, կհանձնվեն Ադրբեջանին, որովհետև երբ ունենք վերջնական ուժի մեջ մտած դատավճռով ադրբեջանցի մարդասպան հանցագործ-դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի օրինակը, երբ իշխանության գալուց կարճ ժամանակ անց առանց դատարանի վճռի Նիկոլ Փաշինյանը նրանց տվեց Ադրբեջանին, առնվազն ողջամիտ կասկած է առաջանում՝ արդյո՞ք սրանց էլ չեն հանձնի թշնամի պետությանը, հատկապես որ, Ադրբեջանը հրապարակայնորեն պահանջել էր դա ՀՀ իշխանություններից:

Երեկ Ադրբեջանն առևանգել է մեր երկու զինծառայողներին, նրանց հայտարարել դիվերսանտ ու ձերբակալել:

Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» անոնսեց՝ «իր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ներթափանցած իր դիվերսանտների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին»:

Որևէ կասկած չկա, որ հենց այդպես էլ կլինի, որովհետև երբ չունես իշխանություն, ով կապահովի իր զինծառայողների անվտանգությունը, որովհետև թշնամուն այնպես է խորացրել երկրի տարածքում, որ դա գործնականորեն անհնար է, միշտ էլ այսպես է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս