«Նիկոլն ապացուցեց, որ իր համար ցար ի բոգը Ալիևն է». Էդուարդ Շարմազանով
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում կասկածի տակ դրեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հայտարարելով, թե «30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք»: Նա ընդգծեց, որ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ նա Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարն է, ուրիշ ոչինչ:
«Այսքանից հետո Նիկոլի կողքին ով կանգնած է՝ նա էլ է Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարը: Այս մարդը կա՛մ տգիտության, կա՛մ դավաճանության, կա՛մ պետական թշնամանքի չեմպիոն է: Բա որ Հայաստանը կադաստրի վկայական չուներ, ՀԱՊԿ-ից ինչո՞ւ էիք նեղանում, թե՝ գնահատական չի տալիս: Ո՞նց կարող է ՄԱԿ-ի անդամ երկրի ոչ բարով ղեկավարը կանգնի-ասի՝ կադաստրի վկայական չունենք: Նիկոլն ապացուցեց, որ իր համար ցար ի բոգը Ալիևն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Այդ կադաստրի վկայականի չափագրողն ո՞վ է, Ալի՞ևը: Ու սա ասում է մեկը, ով ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ով ասում էր՝ թավշյա հեղափոխությունը աներկբա հանգեցնելու է Հայաստանի հպարտ քաղաքացու երջանկացման, մեկ միացյալ ուժեղ Հայաստանի բարգավաճման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման: Հիմա ուզում եմ դիմել այն սուտ հայրենասերներին, ովքեր 800 հեկտարի համար իրենց ճղում էին. ո՞ւր եք բա, ա՜յ երկրապահի ղեկավար Սասուն, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյան, ո՞ւր ես: Նիկոլն ասում է՝ Վազգենն ինչ արել է՝ արել է առանց կադաստրի վկայականի: Սասուն, ո՞ւր ես, արա, շեֆդ ասում է, որ սպարապետ Վազգենն ինչ արել է, արել է առանց կադաստրի վկայականի: Ասում է, որ Վազգենի արած գործին պետք է Ալիևը կադաստրի վկայական տա: Պետք է մի բան անել՝ համախմբվել և սրան ճամփել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նկատեց՝ հնարավո՞ր է՝ մի օր պարզվի, որ Նիկոլ Փաշինյանն էլ իրականում Նիկոլը չէ, այլ, ասենք՝ Մահմուդը. «Կարո՞ղ է՝ մի օր էլ ասի՝ ես Նիկոլը չեմ՝ Իլհամն եմ կամ Ռեջեփ Թայիբը: Կարո՞ղ է՝ մի օր էլ ասի՝ քանի որ կադաստրի վկայական չկա՝ հրապարակում պետք է դնենք Իլհամի, Քեմալի և Հեյդարի արձանները: Նիկոլը այս համատարած ապատիայի իրավիճակում փորձում է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ»:
Էդուարդ Շարմազանովի դիտարկամամբ՝ այս փուլում Հայաստանում ազգային և պետական գաղափարախոսությունը, ազգային և պետական կառույցները պարտություն են կրել. «Սա հավերժական, երկարատև պարտություն չէ, սա ժամանակավոր նահանջ է, բայց որպեսզի այդ ժամանակավոր նահանջը չվերածվի հավիտենական նահանջի, Սերժ Սարգսյանն իր ուղերձում ասել է՝ պետք է բոլորս մի կողմ դնենք մեր կուսակցական, անձնական ամբիցիաները, հավակնությունները, շահերը, տարաձայնությունները և համախմբվենք: Հայ ժողովուրդն ավելի վատ ժամանակներ էլ է ունեցել: Հայ ժողովուրդն այն ժողովուրդն է, որ 1915թ. երեք տարի հետո տվել է Սարդարապատ: Հիմա ժամանակն է, որ բոլորը համախմբվեն:
Նիկոլի և նրա տերերի նպատակն է՝ հայ ժողովրդի մեջ սպանել հավատը. Հավատը՝ անկախության, ինքնիշխանության, սեփական ուժերի, հայկական Արցախի, դիմադրության, պայքարի նկատմամբ: Սրանք ուզում են ասեն, որ ձև չկա, ամեն ինչ ավարտված է, բայց դա սուտ է: Պետք է դիմադրել, պայքարել: Մենք դատապարտված ենք պայքարելով ապրել: Իր ամբողջ խնդիրն այն է, որ պետք է թուրքի կոշիկը լպստելով ապրենք, Նիկոլը մեզ տանում է թուրք-ադրբեջանական ստրկատիրության, ուրիշ ոչինչ: Արցախ-Արցախ գոռալով՝ Արցախը տվեց, ինքնիշխանություն-ինքնիշխանություն գոռալով՝ ասում է՝ կադաստրի վկայական չունենք: Բա որ կադաստրի վկայական չունես, ինքնիշխանությունից ո՞նց էիր խոսում: Նույնիսկ Ալիևը երբեք չի ասել, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի»:
Նա շեշտեց՝ քանի դեռ ժողովուրդը ներկա ու նախկին է անում, քանի դեռ հավասարության նշան է դնում Արցախն ազատագրած ուժերի և Արցախը հանձնած ու կադաստրի վկայականը կորցրած Նիկոլ Փաշինյանի միջև, այս իրավիճակից ելք չի լինելու. «Ո՞նց կարելի է ասել՝ ո՛չ ներկա, ո՛չ նախկին. Հայաստանում կա՛մ ներկա են, կա՛մ նախկին, ուրիշ ուժեր չկան: Ներկան Նիկոլն, Էրդողանն ու Ալիևն են, դա՞ եք ուզում: Արցախյան առաջին պատերազմում հաղթանակած Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Խաչատուրով, Վազգեն Մանուկյան, ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ. այս բոլոր ուժերը հաղթանակած ուժեր են: Ասում եք՝ ո՛չ այդ ուժերը, ոչ Նիկո՞լը: Բոլորին ասում են՝ վատն է, բա ո՞վ է լավը՝ Նիկոլն, Էրդողանն ու Ալի՞ևը»:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ երկրում ստեղծված իրավիճակից միակ ելքը համախմբված պայքարն է: